Բարոզուն առաջարկում է Եվրոպայի համար միասնական ընտրություններ անցկացնել

Եվրահանձնաժողովի նախագահի ուղղակի ընտրությունները Եվրամիության երկրների քաղաքացիների կողմից լավ գաղափար է, հայտարարել է Ժոզե Մանուել Բարոզուն։

«Սակայն բանն այն է, որ գործող եվրոպական պայմանագիրը այդպիսի քվեարկություն չի նախատեսում։ Ես չեմ բացառում հիմնարար համաձայնագրերը փոփոխելու հնարավորությունը։ Հնարավոր է՝ արդեն 2014թ․»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ պատասխանելով ԵՄ քաղաքացիների հարցերին Euronews-ի iTalk ծրագրի հատուկ թողարկման ուղիղ եթերում։

Նա հիշեցրել է, որ երկու տարուց տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրություններ և «հնարավոր է՝ մենք կկարողնանք այլ կերպ կազմակերպել նախընտրական արշավն ու ստեղծել հենց ժողովրդավարական տարածք»։

Խոստովանելով, որ ճգնաժամային իրադրությունում ընտրողները քվեարկում են՝ ելնելով իրենց պետություններում ծագող խնդիրներից, Բարոզուն նկատել է, որ «լավ կլիներ, եթե յուրաքանչյուր երկրում քաղաքական գործիչները կատարվածում միմյանց մեղադրելու փոխարեն ավելի շատ մտածեին համաեվրոպական նպատակների մասին»։

Նա կարծում է, որ «անհրաժեշտ է հաղթահարել այդ ազգային կապվածությունը ազգային թեմատիկային ու պրոբլեմատիկային և մտածել համաեվրոպական խնդիրների մասին»։

Բարոզուն խոստովանել է Ինտերնետում հեղինակային իրավունքների վերաբերյալ բանավեճերի կարևորությունն ու բարդությունը։

«Այո՛, Եվրամիությունում մենք կողմ ենք կեղծ արտադրանքի դեմ պայքարի միջազգային համաձայնագրի կնքմանը։ Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է պաշտպանել երաժշտական կամ որևէ այլ մտավոր արտադրանքի սեփականատիրոջ իրավունքները»,- ասել է Բարոզուն։

Նրա կարծիքով՝ «սխալ է ասել, թե մեր նպատակը ինտերնետի ազատության, մեր քաղաքացիների ազատության սահմանափակումն է»։

«Ու եթե կասկածներ են առաջանում, ապա ուզում եմ ասել, որ մենք մտադիր ենք ACTA-ն (Anti-Counterfeiting Trade Agreement, Կեղծ արտադրանքի դեմ պայքարի միջազգային համաձայնագիրը) ուղարկել Եվրոպական դատարանի դիտարկմանը, որպեսզի փորձագետներն անեն իրենց եզրակացությունն ու մեզ բացատրեն, թե մենք ինչպես կարող ենք հետևել ինտերնետի ազատությանը և դրա հետ մեկտեղ չոտնահարել հեղինակային իրավունքների սեփականատերերի իրավունքները, նրանց իրավունքները, ում պատկանում է երաժշտական կամ այլ արտադրանքի քոփիրայթը»,- բացատրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Նա կարծում է, որ «անհրաժեշտ է գտնել փոխզիջում, թեև այդ հարցը բավական բարդ է, և նրա լուծման հեշտ ուղիներ չկան»։

«Վերջերս ես հանդիպել էի կինոինդուստրիայի և երաժշտական ինդուստրիայի ներկայացուցիչների հետ։ Նրանց, բնականաբար, անհանգստացնում է այն, որ իրենց քոփիրայթը չի պաշտպանվում, և որ ինտերնետում կարելի է ներբեռնել այն, ինչ ուզես։ Ու բնականաբար, մենք չենք կարող լռությամբ պատասխանել նրանց մտահոգությանը»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Բարոզուն կարծում է, որ կուսակցությունները, որոնք ռասայական ատելություն են քարոզում, չպետք է լինեն Եվրախորհրդարանում։

«Ընդհանուր առմամբ՝ կուսակցությունները, որոնք ռասայական ատելություն ու բռնություն են քարոզում, չպետք է ներկայացված լինեն խորհրդարանում»,- հայտարարել է Բարոզուն։

«Այդուհանդերձ, ժողովրդավարության դեպքում պետք է հաշվի առնվեն բոլոր տեսակետները։ Կարծում եմ՝ Եվրոպայում ինչպես աջերը, այնպես էլ ձախերն ու կենտրոնը պետք է, այնուամենայնիվ, հետևեն ժողովրդավարական սկզբունքներին, և հենց դա էլ թույլ կտա խուսափել ազգայնականությունից ու պոպուլիզմից»,- նշել է նա։

«Այլատյացությունը, ռասիզմը, արմատական պոպուլիզմը բացասական հասկացություններ են, և հենց այդ պատճառով էլ մենք պետք է մեր տեսլականում միավորենք դրական տարրերը, որոնք մեզ թույլ կտան քաղաքացիների օգնությամբ իրականացնել այլ, հակառակ քաղաքականություն»,- ասել է Բարոզուն։

Նրա կարծիքով՝ ԵՄ քաղաքացիների մեծ մասը դեմ է ծայրահեղականության, պոպուլիզիմի ու ազգայնականության նման ձևերին։