Ուղղակի խայտառակություն է. վարչապետը` Ազգային գրադարանի հիմնանորոգման չարաշահումների մասին

Կառավարության սեպտեմբերի 20-ի նիստին քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ներկայացրել է  Հայաստանի Ազգային գրադարանի շենքի վերանորոգման աշխատանքներում արձանագրված թերությունները` նշելով, որ ուսումնասիրություններն արդեն ավարտվել են, և ամփոփվում են արդյունքները:

Ինչպես հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թադևոսյանը նշել է, որ Ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2008թ. և ավարտվել 2011թ. դեկտեմբերին` ծախսելով շուրջ 690 մլն դրամ։

«Ընդ որում, նախագծային առաջադրանքով նախատեսվել են շենքի սեյսմազինվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կոնստրուկտիվ միջոցառումներ, որոնք չեն իրականացվել։ Նախագիծը կազմելիս առաջնահերթություն չի տրվել սեյսմազինվածությանը, հաշվի չի առնվել ներքին և արտաքին ջրերի ներթափանցումը հիմքեր։ Հիմնական աշխատանքները կատարվել են սխալ հերթականությամբ, նախընտրությունը տրվել է ներքին հարդարման աշխատանքներին։ Հիմնանորոգման աշխատանքների կատարման ընթացքում նույնպես խախտվել է խնդրի լուծման առաջնահերթությունը, այն է` չապահովելով ջեռուցում, ինչպես նաև օդափոխություն, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, օդափոխման համար նախատեսված գումարներով կատարվել են այլ աշխատանքներ, ջեռուցման համակարգը մինչ օրս չի շահագործվել։ Հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ աշխատանքների մի մասը կատարվել է անորակ, ինչպես նաև հակահրդեհային համակարգի տեսակի ընտրությունը կատարվել է ոչ ճիշտ` անտեսելով ազգային գրադարանի պրոֆիլային ուղղվածությունը` CO2-ի փոխարեն ջուր։ Վերը շարադրվածի արդյունքում 2008-2011 թթ. կատարված աշխատանքների զգալի մասը պետք է կրկին իրականացվի, ինչպես նաև պետք է պարտադիր իրականացվեն շենքի ուժեղացման աշխատանքներ»,- ասել է քաղաքաշինության նախարարը:

«Ուղղակի խայտառակություն է։ Կարևորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, պետական բյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները մինչև հիմա ավարտված չեն, և պարզվում է, որ պետությունը պետք է լրացուցիչ գումարներ հատկացնի»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հանձնարարելով անհապաղ սկսել աշխատանքները և կոնկրետ նյութերն անհապաղ հանձնել իրավապահ մարմիններին։ «Եթե կոնկրետ այս դեպքում այսպիսի կարևորագույն օբյեկտի պարագայում այսպիսի լկտիություն ու այլանդակություններ կան, կարող ենք պատկերացնել, թե մնացած օբյեկտներում ինչ խախտումներ են բացահայտվելու»,- հավելել է Տիգրան Սարգսյանը։