Գնումների հաշվառման գործառույթը կվերափոխվի. Վաչե Գաբրիելյան

Կառավարության սեպտեմբերի 20-ի նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանումներ է պահանջել ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ:

«Մենք ունենք նաև միջոցառումների ծրագիր, որով նախատեսվում է վերափոխել ֆինանսների նախարարության կողմից պետության համար պարտավորություններ առաջարկող գնումների հաշվառման գործառույթը՝ գնումների մոնիթորինգի իրականացման գործառույթով, որը հնարավորություն կտա վեր հանել հնարավորին շատ դրույթներ և ընթացքում միջամտել, եթե խնդիրներ լինեն, կազմակերպել, որպեսզի գնումների վերաբերյալ հայտարարությունները յուրաքանչյուր պատվիրատու ինքնուրույն հրապարակի գնումների տեղեկատուում, ձեռք բերել պայմանավորվածություն էլեկտրոնային գնումների համակարգը մշակող կազմակերպության հետ և շտկել համակարգում ներկայում առկա խնդիրները, որի շնորհիվ կկարողանանք շրջանակային համաձայնագրերով գնումներ իրականացնել էլեկտրոնային Armex համակարգի միջոցով՝ արդեն հունվարից, ինչպես նաև իրականացնել հանրային կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների մոնիթորինգ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հետ, քանի որ դա իրենց իրավասությունների ոլորտն է»,- ասել է նախարարը` հավելելով, որ մի շարք ոլորտներում ուսումնասիրություններ են կատարվում, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ վարչապետի նախնական հանձնարարականը: Խոսքը, ըստ Վաչե Գաբրիելյանի` օրինակ առողջապահության ոլորտի մասին է, որտեղ ուսումնասիրություններ է կատարել նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովը: