Ժողովուրդը հավատում է մեզ, իրավունք չունենք թերանալու. Ս. Օհանյան

Անկախությունը նվաճվեց ողջ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ջանքների շնորհիվ, ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիսավոր նիստին, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների և առանձին բաժինների պետեր: Այս մասին հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Ծնվեց հայկական զինված ուժերը, որը, հաղթահարելով ծանրագույն փորձություններ, կարողացավ պաշտպանել մեր հայրենիքի անկախությունը: Մեր զինվորները կողք-կողքի կռեցին այդ անկախությունը: Այսօր մենք ունենք ամուր և ժողովրդավար պետություն և այն հուսալի պաշտպանող զինված ուժեր»,- ասել է Սեյրան Օհանյանը` ընդգծելով, որ ներկայում ՀՀ ԶՈՒ-ն ոչ միայն պատվով պաշտպանում է հայրենիքի սահմանները, այլև լավագույնս հանդես է գալիս միջազգային զորավարժություններում, ինչի վառ ապացույցն է նախօրեին ավարտված «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը:

«Ժողովուրդը հավատում է մեզ, մենք իրավունք չունենք թերանալու»,- դիմելով ներկաներին ասել է պաշտպանության նախարարը: Իր ելույթի ավարտին Սեյրան Օհանյանը մասնակիցներին մաղթել է անխոնջ ու բեղմնավոր աշխատանք:

Միջոցառման ընթացքում մի շարք զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են ՀՀ պետական ու գերատեսչական մեդալներով:

Մեկնաբանել