Գորիկ Գուրգենիչը, Տիգրանը և Դերոն…

Երկրի ղեկավարն անունների հետ պետք է զգույշ լինի։ Որովհետև, եթե մարդը ի տես ամբողջ հասարակության «Դերո» է, էդ Դերոյի համար դու ի տես ամբողջ հասարակության չես կարող «այո, պարոն նախագահ» լինել, այլ, քարը տրաքի, Սերժ Ազատիչ։ Իսկ Հայաստանում այդպիսի դիմելաձևից, ինչպես նաև՝ Գորիկ Գուրգենիչից, եթե անկեղծ լինենք, սեպտեմբերի 21-ին ընդառաջ ոչ մի լավ բան չի կարելի սպասել։

Կողմնորոշվեք՝ եթե վարչապետը Տիգրան է, ուրեմն էդ մակարդակով էլ ձեր հարցերն են լուծվում։ Ի տես բոլորի նա չի կարող Տիգրան լինել, որովհետև դու քո բերանով չես դիմում այդ մարդուն, դու նրան դիմում ես Հայաստանի Հանրապետության բերանով։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը մի անուն ունի՝ Հայաստանի Հանրապետություն, այստեղ կա Սահմանադրություն, այստեղ սահմանված են խաղի կանոններ, բաժանված են դերեր, որտեղ հենց մարդը դարձավ Դերո, մյուս օրը կմտնի իր նախարարություն և պետական բյուջեից փող ստացող վարչության պետին հրապարակավ կարող է ասել՝ «Վալոդ, ատչյոտ տուր էդ բացթողումների համար»։ Նա էլ պիտի իրավունք ունենա ասելու` «Չեմ տալիս, Դերո»: Հրապարակավ ասված «Դերոյից» հետո ես ինչպե՞ս մտածեմ, որ քո վրդովմունքն անկեղծ է։ Դերոն մականուն է, եթե նրա ծնողները որդուն անուն տալիս նկատի են ունեցել, ասենք, «Վարդանանքի» հեղինակին` Դերենիկ Դեմիրճյանին։ Ում էլ նկատի ունեցած լինեն Դումանյանի ծնողները, որոշակիորեն խոնարհվել են այդ անվան առջև։ Տիգրանը մականուն է, եթե հրապարակավ ոչ ոք իրավունք չունի նրան այդպես դիմելու: Եթե Դերենիկ Դումանյանն ինքն իրեն առողջապահության նախարարի պաշտոնում Դերո չի ընկալում, ուրեմն վիրավորում ես նրան, որովհետև նրա վարչության պետը, որի հասակն ասենք 180 սմ է, իսկ քաշը` 85 կգ, մտածում է` ինչո՞վ եմ պակաս ինձանից ցածրահասակ և ինձանից նիհար այդ մարդուց, որ իմ նախարարին Դերո չասեմ:

Երկրի առաջին դեմքի հրապարակային արտահայտությունը միշտ հրամանագրի արժեք ունի: Այդ հրամանն ուրեմն տրված է: Եթե այդ կարճահասակը զուտ ընկերական հարաբերություններով է վաստակել նախարարին «Դերո» ասելու իրավունքը, թույլ տվեք հասկանալ՝ իսկ որտե՞ղ է ասել՝ կառավարության նիստու՞մ, թե՞ ռեստորանում։ Իսկ սխալմամբ հետո չե՞ն պարել։ Անունները հարաբերությունները կազմակերպելու համար են։ Պետությունն այդ հարաբերությունների մեջ ծիսական օրգանիզմ է։ Կառավարության նիստը ծես է, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ մարդիկ կան, ովքեր գործ են անում։ Ռեստորանը ծես չէ, այնտեղ նույն մարդիկ գործ չեն անում, թեպետ չի բացառվում, որ նրանցից մեկն այդ ռեստորանի տերն է։ Եթե ռեստորանի տերը դրանցից մեկի եղբայրն է, նա կարող է եղբորն ասել՝ Դերո։ Բայց հենց Դերոն մտավ հանրային ոլորտ, ինձանից պիտի իր հանդեպ լրջություն ակնկալի, որովհետև սա այն տարբերակը չէ, որ ինչ կարելի է երկրի ղեկավարին, ինձ չի կարելի։ Դու նախարար ես դրել մեկին, ով նույնիսկ եթե քո կուսակցական ընկերն է, իր պաշտոնը վաստակել է։

Ինձ հետաքրքիր չէ, որ Տիգրան Սարգսյանը կամ Դերենիկ Դումանյանը չեն վրդովվել այդպիսի դիմելաձևից։ Բայց նրանք պիտի որ էթիկայի զգացում ունենան և հիշեն, որ օգոստոսի 31-ին Սերժ Սարգսյանն ԱԱԾ տնօրենին դիմում էր դիմողի խորհրդային մենթալտետը մատնող «Գորիկ Գուրգենիչ» դիմելաձևով։ Նրանք այդ պահից հասկանում են, որ երկրի ղեկավարը արդեն համը հանում է, որովհետև այդ նույն «Գորիկ Գուրգենիչը» ոչինչ չգիտեր կամ մատը մատին չի խփել, որպեսզի Ռամիլ Սաֆարովին ազատ չարձակեն։ Ի վերջո, այդ «Գորիկ Գուրգենիչը» «Տիգրանի» ենթական է։ Նշանակում է պետությունում, որտեղ վարչապետ լինելը և ԱԱԾ տնօրեն լինելը նույն բանը չեն, անհրաժեշտ է պահպանել խաղի կանոնները։

Մեկնաբանել