«Գնումների աջակցման կենտրոն»-ը մնաց առանց պետի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումը չուշացավ՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, ազատվեց «Գնումների աջակցման կենտրոն»-ի պետի պաշտոնից։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ղեկավարվելով ՀՀ «Աշխատանքային օրենսգրքով, հիմք ընդունելով կառավարության 2002թ. որոշումը ու հաշվի առնելով նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքը և ֆինանսների նախարարի գրությունը, որոշում է կայացրել Հակոբ Բեգլարյանն ազատել «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից։

Նշենք, որ այսօր կառավարության նիստին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, զեկուցելով գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ, նշել էր, որ խնդիրների ու բացթողումների մեծ մասը պայմանավորված է ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, որտեղ ևս խնդիրներ կան, այլ վարչարարության շուրջ ձևավորված նորմերով։ «Անձանց տեսակետից առաջարկում եմ փոխել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ գործունեության և թերացումների հետ»,-ասել էր նախարարը։

Մեկնաբանել