Անձամբ պատրաստ եմ աջակցել բոլոր բարեխիղճ համայնքապետերին. Գ.Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ուղերձ է տարածել սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, սեպտեմբերի 23-ին մեր երկրի մի շարք համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արդյունավետ կառավարման, երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորման համար ՏԻՄ ընտրությունները նույնքան կարևոր են, որքան համապետական ընտրությունները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմաթիվ համայնքներում առաջադրել է իր թեկնածուներին կամ պաշտպանում է անկուսակցական, բայց ժողովրդի վստահությունը վայելող անձանց:

Սիրելի հայրենակիցներ, դուք ընտրելու եք ձեր գյուղապետերին, ձեր քաղաքապետերին: Դուք առաջիկա տարիներին ամեն օր շփվելու եք նրանց հետ, ու նաև նրանց բարեխիղճ աշխատանքից է մեծապես կախված ձեր խնդիրների լուծումը:

Ես կոչ եմ անում ձեզ՝ քվեարկել բացառապես ձեր խղճի և համոզմունքների թելադրանքով: Միայն այդ դեպքում դուք կունենաք պահաջելու իրավունք:

Իմ կողմից ես երաշխավորում եմ. ԲՀԿ-ի թեկնածուները մշտապես հաշվետու են լինելու ձեր և կուսակցության առջև: Պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար: Ձեր հարցերն ու դժգոհությունները միշտ հասանելի են լինելու իշխանության ամենավերին օղակներին: Մարդիկ երբեք չպետք է տուժեն վատ աշխատող պաշտոնյայի պատճառով: Անձամբ ես պատրաստ եմ մշտապես աջակցել բոլոր բարեխիղճ համայնքապետերին:

Մենք պետք է հավատանք, որ մեր քվեարկությամբ կարող ենք մեր համայնքից սկսել արդար և ուժեղ Հայաստանի կառուցումը»: