Գերմանական ամսագիրը Մուհամադ մարգարեի կոլաժ կհրապարակի

Գերմանական սատիրիկ Titanic ամսագիրը, որը նախկինում «հայտնի է դարձել» Հռոմի պապի նկարով կոլաժով, պատրաստվում է իր հոկտեմբերյան համարի շապիկին տպել հերթական կոլաժը, այս անգամ՝ Մուհամադ մարգարեի նկարով, հաղորդում է Financial Times Deutschland-ը։

Շապիկին մարգարեի հետ միասին կհայտնվի Գերմանիայի նախկին առաջին տիկին Բետինա Վուլֆը։ Ենթավերնագիրն ազդարարում է․ «Արևմուտքը շփոթմունքի մեջ է։ Բետինա Վուլֆը Մուհամադի մասին ֆիլմ է նկարահանում»։

«Ես ցանկանում եմ նախազգուշացնել վատ նկարահանված այլ ֆիլմերի հայտնության հնարավորության մասին, հատկապես այն մասին, որ նախկին «աստղերն» այժմ նույնպես սկսում են մասնագիտանալ իսլամի քննադատության մեջ»,- ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Լեո Ֆիշերը։

Կոլաժը, որը պատրաստվում են տպել, պատկերում է Վուլֆին Մուհամադ մարգարեին մարմնավորող մուսուլման մարտիկի գրկում։ Իսլամն արգելում է Մուհամադի պատկերումը մարդու կերպարանքով։ Ենթադրվում է, որ հոկտեմբերյան համարը լույս կտեսնի մյուս ուրբաթ։

Ինչ վերաբերում է Վուլֆին, ապա վերջին ժամանակներս նրա անունը գերմանական բուլվարային պարբերականների էջերից չի իջնում։ Արդեն մի քանի տարի է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Գերմանիայի նախկին նախագահի կինը նախկինում աշխատել է էսկորտ ծառայությունում։ Վուլֆը դատի է տվել Google-ին, քանի որ «Բետինա Վուլֆ» հարցման ժամանակ որոնողական համակարգն անփոփոխ կերպով առաջարկում է տարբեր համադրություններ, մասնավորապես՝ «մարմնավաճառուհի», «էսկորտ», «անցյալ» բառերի հետ։ Վուլֆը հրապարակել է գիրք, որում հերքում է այդ լուրերը և դժգոհում է երկրի առաջին տիկինը եղած ժամանակ կյանքի դժվարություններից։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 19-ին, ֆրանսիական Charlie Hebdo սատիրիկ պարբերականը հրապարակել էր Մուհամադ մարգարեի ծաղրանկարներ, այդ թվում՝ պատկերելով նրան ամբողջովին մերկ։ Ծաղրանկարների հրապարակումը տեղի էր ունեցել ԱՄՆ-ում նկարահանված, մուսուլմանական աշխարհում բողոքի ալիք բարձրացրած «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմով պայմանավորված անկարգությունների ֆոնին։

Charlie Hebdo-ի հրապարակումը ոչ միայն զանգվածային քննադատություն է առաջացրել, այլև պարբերականին հաջողություն է բերել․ կես օրվա ընթացքում վաճառվել են պարբերականի բոլոր հինգ հազար օրինակները։ Դրանցից շատերը, լրատվամիջոցների տվյալներով, գնել են հենց մուսուլմանները՝ անմիջապես պատռելու և դեն նետելու համար։

Charlie Hebdo-ի խմբագրությունը վաղը սկանդալային «հակաիսլամական» համարի հավելյալ տպաքանակ է թողարկելու։

Մեկնաբանել