Փոփոխությունների այս նախագիծը հեղափոխական նախաձեռնություն է. Ա.Աշոտյան

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկել և նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել  «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և մի շարք  այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթի վերաբերյալ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Ըստ  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝  օրենսդրական փոփոխությունների փաթեթի ներկայացումը պայմանավորված է հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունը հայերեն ժեստերի լեզվով իրականացնելու անհրաժեշտությամբ:  Նպատակն է նպաստել լսողության խանգարումներով անձանց կարողությունների զարգացմանը և ներգրավվածությանը հասարակության կյանքին, նրանց հիմնարար, մասնավորապես տեղեկատվության և կրթության իրավունքների պաշտպանությանը:

Հանձնաժողովը քննարկել է նաև  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  և «Կրթության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ևս ներկայացրել է ԿԳ նախարարը: Վերջինս այն անվանեց անկյունաքարային, հեղափոխական նախաձեռնություն ոչ միան Հայաստանի կրթության ոլորտում, այլեւ ողջ ԱՊՀ տարածքում: Նախաձեռնության նպատակն է ապահովել երեխայի՝ անհատական տարբերություններից և հաշմանդամությունից անկախ կրթության իրավունքի միասնական իրավական կարգավորումը, որը կերաշխավորի բոլորի համար կրթության հավասարության իրավունքը: Քվեարկության արդյունքում, հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց  փաթեթը նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար, սակայն որոշեց անցկացնել նաև խորհրդարանական լսումներ:

Նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ  նաև «Կրթության պետական տեսչության մասին»  ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ կրթության պետական տեսչությանը կրթության բնագավառի պետական վերահսկողություն իրականացնելու հնարավորություն տալ ոչ միայն հանրակրթական և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, այլև միջին և բարձրագույն մասնագիտական ոլորտներում:

Հանձնաժողովը քննարկել և նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել նաև  «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը վերաբերում է ռազմական կրթական ծրագրերի, ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի սահմանման անհրաժեշտությանը:

Հանձաժողովի անդամներն ի գիտություն են ընդունել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2011 թ. գործունեության մասին հաղորդումը՝  ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի զեկուզմամբ, և Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, որը ներկայացրել է  խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանը:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը  հաստատել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի կազմավորման և գործունեության կարգը: