Օդանավակայանը վերականգնել է «Արմավիա»-ի չվերթները

«Թեպետ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում և չնվազեցրեց կուտակած պարտքը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, ուղևորների շահից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել «Արմավիայի» չվերթերի սպասարկումը:

Չվերթերի սպասարկումը կդադարեցվի երկուշաբթի` սեպտեմբերի 24-ին, եթե մինչ այդ չլինեն վճարման և պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ».  տեղեկացնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժինը: 

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը երեկ նույնպես մի քանի ժամով դադարեցրել է «Արմավիայի»՝ դեպի Ռուսաստան մի քանի ուղղություններով չվերթներով սպասարկումը։
 
Այս տարի մարտի 15-ին «Արմավիան» և «Արմենիա միջազգային օդանավակայանները» ստորագրել էին համաձայնագիր, որով օդանավակայանը համաձայնել էր բավարարել «Արմավիայի» պահանջները, մասնավորապես՝ վերանայել սպասարկման սակագները։ Ավիաընկերությունն իր հերթին պարտավորվել էր սահմանված ժամանակացույցով՝ մինչև սեպտեմբեր, մարել կուտակած պարտքերը։ Այդ ժամանակ «Արմավիան» օդանավակայանի առջև կուտակել էր վեց ամսվա պարտք՝ $5,3 մլն։