Ս.Օհանյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին և ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Անդրե Էվրարին. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից:

Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Ս. Օհանյանը նշել է, որ հայ-ֆրանսիական ջերմ և բարեկամական հարաբերությունները պահանջում են, որպեսզի հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներին զուգահեռ զարգանա նաև համագործակցությունը պաշտպանական բնագավառում:

Դեսպան Ռենոն հաստատել է պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացնելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցել հայկական կողմին զինծառայողների կրթության և վերապատրաստման հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնվող այլ հարցեր:

Մեկնաբանել