Փոխվարչապետը հանդիպել է ԵԽ կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակության հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակության հետ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Առաքելության ղեկավար Անրի Ֆերալը փոխվարչապետին խնդրել է պատվիրակության անդամներին ներկայացնել ընտրությունների վերաբերյալ իր մոտեցումները:

Փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի կողմից Հայաստանի կառավարության հրավերն ընդունելու համար: Նա կարևորել է դիտորդական առաքելության իրականացումը` նկատելով, որ դա առաջին հերթին ԵԽ գործընկերներին հնարավորություն կտա համոզվել, որ Հայաստանի ստանձնած պարտավորությունները կատարվում են, Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, և ընտրությունից ընտրություն ընտրական գործընթացներն ավելի են կատարելագործվում: «Տարվա ընթացքում ՏԻ մարմինների բոլոր երեք ընտրություններն անցակացվել են կազմակերպված, ժողովրդավարական սկզբունքներին ու Ընտրական օրենսգրքում ամրագրված ընթացակարգերին համապատասխան և մրցակցային պայմաններում»,-նշել է փոխվարչապետը:

Նա անդրադարձել է նաև նոր ԸՕ-ում կատարված սկզբունքային փոփոխությունենրին` նշելով, որ դրանք ուղղված են եղել ընտրական գործընթացների մասնակիցների պատասխանատվության բարձրացմանը: Մասնավորապես խոշոր համայնքներում ավելացվել է ավագանու անդամների թիվը, մեծացվել է կուսակցությունների դերը. կուսակցություններին ևս ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու անդամի թեկնածու առաջադրելու հնարավորություն է ընձեռվել:

Փոխվարչապետի խոսքով` բոլոր թեկնածուները մինչև ընտրությունները և դրանց ընթացքում հավասարապես ունեցել են սահմանված հնարավորությունները` ինչպես առաջադրվելու, գրանցվելու, այնպես էլ քարոզչություն իրականացնելու առումով: Քարոզչության սահմանափակման հետ կապված բողոքներ կամ դժգոհություններ չեն եղել: Բավականին սուր մրցակցություն է եղել ինչպես համայնքի ղեկավարների, այնպես էլ ավագանու անդամների թեկնածուների միջեւ: Քվեարկության օրն անցել է բավական հանգիստ, առանց որևէ լուրջ միջադեպի, ընտրությունների արդյունքները նույնպես ամփոփվել են օրենքի բոլոր պահանջներին համապատասխան:

Փոխվարչապետը նկատել է, որ ընտրությունների արդյունքները բողոքարկվել են ընդհանուր առմամբ 8 դեպքում: Բոլոր տեղերում կատարվել է վերահաշվարկ, և հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքների հետ որևէ էական տարաբերություն չի բացահայտվել:

Ընտրությունների օրը ստացված ահազանգերը գրանցվել են իրավապահ մարմինների կողմից, դրանցից որոշների մասով ուսումնասիրություններ են կատարվում, և փաստերը հաստատվելու դեպքում` կլինեն համարժեք գնահատականներ:

Ընտրացուցակների առումով ևս խնդիրներ չեն արձանագրվել: «Եթե 3-4 տարի առաջ ընտրությունների ժամանակ հիմնականում մատնանշվում էին ցուցակների անլիարժեքության, քարոզչության և ընտրությունների անցկացման ժամանակ անհավասար պայամանների, ընտրությունների արդյունքների ամփոփման հետ կապված խնդիրներ, ապա այսօր նշված գործընթացներում խնդիրներ չեն արձանագրվել: Սեպտեմբերի 9-ին ընտրությունները տեղի են ունեցել գործող օրենսդրությանը համապատասխան, և լիահույս եք, որ նույն մոտեցումներով կանցկացվեն սեպտեմբերի 23-ի ընտրությունները»,- նշել է փոխվարչապետը:

Նա նաև պատասխանել է ընտրական գործընթացի վերաբերյալ պատվիրակության անդամների հարցերին:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությունն ընդլայնված կազմով կհետևի նաև սեպտեմբերի 23-ի ընտրությունների ընթացքին:

Մեկնաբանել