Վրաստանի նորանշանակ ՆԳ նախարարը խոստացել է վերջ դնել բռնությանը բանտերում

Վրաստանի ներքին գործերի նախարար է նշանակվել Եկատերինա Զգուլաձեն, ով երեկ պաշտոնից հրաժարված նախարար Բաչո Ախալայայի առաջին տեղակալն էր. հաղորդում է Новости-Грузия-ն:

Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից նշանակվելուց հետո Զգուլաձեն խոստացել է, որ բանտերում բռնությունների դեպքեր այլևս թույլ չի տալու, նաև` ապահովելու է հանգիստ մթնոլորտ շուրջ տաս օր հետո կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

«Ես ինձ թույլ եմ տալիս այդ մասին խոսել, քանի որ շուրջ 18 տարի առաջ ինքս էլ ոստիկանության կողմից բռնության եմ ենթարկվել: Դրա համար էլ շատ լավ գիտեմ` ինչի մասին եմ խոսում… Վրաստանում բռնությունը տեղ չունի, և նախարարությունը կապահովի մեր և մեր երեխաների, նաև` ընտրությունների անվտանգությունը: ՆԳՆ-ն երաշխավորում է` քաղաքացիների ընտրությունը կլինի ազատ և անվտանգ»,- հայտարարել է Զգուլաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ-ն երեքշաբթի պաշտոնապես հաղորդել էր, որ Գլդանի թիվ 8 բանտում դատապարտյալների նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվել: Քննության տվյալներով` բանտի աշխատակիցները «դատապարտյալների նկատմամբ իրենց անմարդկային վերաբերմունքը տեսանկարահանել էին»: Վրաստանի դատախազությունն արդեն հայտնել է, որ ձերբակալված են նախարարության քրեակատարողական հիմնարկի տաս աշխատակիցներ, այդ թվում` նախարարության մեկ վարչության պետ և բանտապետը: Վերջին երկու օրերին Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքաներում չեն  դադարում մարդու իրավունքների պաշտպանություն պահանջող ակցիաները. ցուցարարները պահանջում են ոչ միայն նախարարի և այլ պաշտոնյաների հրաժարականները, այլև` խիստ պատիժ բոլոր մեղավորների համար: