21-րդ սեպտեմբերի 21-ը

Հայաստանում արդեն 21 տարի սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային է: Այս օրը Հայաստանի անկախության տոնն է: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե: Ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, իսկ ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին:

20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը: Ահա այդ պատճառով է, որ Հայաստանը, ըստ էության, ունի անկախության երկու տոն. սեպտեմբերի 21 և մայիսի 28, որը անվանվում է Հանրապետության օր: Սակայն միանգամայն տարբեր էին ժամանակներն ու հանգամանքները, երբ հռչակվեցին Հայաստանի Առաջին և Երրորդ Հանրապետությունները:

1918թ. մայիսը, թվում էր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի գոյության վերջին օրերն էին: Արարատի ստվերի տակ հավաքված արևելահայերն ու ցեղասպանությունից փրկված արևմտահայերի մի հատված միայնակ էին մնացել օսմանյան մի քանի զորամասերի առաջ, որոնք անցնելով Ախուրյանն ու Արաքսը, հարձակվում էին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ուղղությամբ: Ոտքի էին ելել նաև Երևանի նահանգի մահմեդականները` թուրքերը, թաթարները, քրդերը, և 1918թ. մայիսի կեսերից հետո Արարատյան բարեբեր դաշտը բոլոր կողմերից շրջապատվել էր թշնամիներով: «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսում կարգ հաստատելու համար»,- ասում էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը:

Բոլորովին այլ էր իրադրությունը 1991թ.: Ի տարբերություն 1918-ի, այս անգամ հիմնական սպառնալիքը գալիս էր ոչ թե արևմուտքից՝ Թուրքիայից, այլ արևելքից և հյուսիսից, այսինքն՝ Ադրբեջանից և հոգեվարք ապրող Խորհրդային Միությունից:

1991թ. վաղ գարնանը Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը վերջին փորձն էր անում՝ փրկելու կայսրության անխուսափելի վախճանը: Մարտի 17-ին անցկացվեց Խորհրդային Միությունը պահպանելու հանրաքվե: Բնակչության մոտ երեք քառորդը կողմ արտահայտվեց խորհրդային երկրի ապագա գոյությանը: Հայաստանը հինգ այլ հանրապետությունների հետ՝ Վրաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա, բոյկոտեց հանրաքվեն: Մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը մերժել էր հանրաքվեի անցկացումը երկրի տարածքում և որոշում ընդունել վեց ամիս հետո անցկացնել անկախության ի´ր հանրաքվեն:

Դրանք ռոմանտիկ, երանելի ժամանակներ էին, թեև շատերի մոտ կային լուրջ մտահոգություններ երկրի ապագայի հանդեպ: Արդյո՞ք Խորհրդային Միության փլուզումը անդառնալի գործընթաց է: Չկա՞ր վտանգ, որ մեռնող կայսրությունը մի վերջին ճիգով կհարվածեր անկախության ձգտող Հայաստանին ու մյուս հանրապետություններին: Ինչպե՞ս անել, որ Հայաստանը չմնար կայսրության փլատակների տակ: Կարո՞ղ էր Հայաստանը միայնակ ապրել առանց Ռուսաստանի: Կարո՞ղ էր Հայաստանը միայնակ դիմակայել Ադրբեջանին ու Թուրքիային: Ինչպե՞ս էր լուծվելու Ղարաբաղի հարցը: Կարո՞ղ էր Հայաստանը տնտեսապես կենսունակ պետություն դառնալ: Հարցերը սրանցով չէին սահմանափակվում: Այս հարցերը, սակայն, միասնաբար կամ առանձին, ունեին մեկ պատասխան՝ անկախությանն այլընտրանք չկար:

Անկախության 21 տարիներին Հայաստանն ունեցել է բազմաթիվ նվաճումներ ու ցավալի կորուստներ: Ամենամեծ նվաճումը ինքնին անկախ պետականության հռչակումն էր: Մեծագույն մյուս նվաճումը արցախյան հաղթանակն էր: 

Երկու տասնամյակների ամենամեծ կորուստը Հայաստանից ավելի քան մեկ միլիոն հայերի հեռանալու իրողությունն է: Տարբեր ծավալներով Հայաստանից արտագաղթը չի դադարել սկսած Խորհրդային Միության գոյության վերջին տարիներից: Երբ հայերը հեռանում են հայրենիքից, դա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է, ինչ-որ բան այնպես չի արվում: Այսօր էլ Հայաստանի պետականության ամենալուրջ մարտահրավերը հենց արտագաղթն է:  

Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիրները պետականության հիմքում դրեցին համամարդկային այնպիսի գաղափարներ, ինչպիսք էին ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության կառուցումը, ազատ տնտեսական հարաբերությունների հաստատումը, երրորդ ուժերի թելադրանքից զերծ արտաքին քաղաքականություն վարելը, ազատ և անկախ մամուլ ունենալը: Սակայն այդ գաղափարների մեծ մասը վարկաբեկվեց հենց 1990-ական թվականներին, ինչը առաջ բերեց մեծ հիասփաթություն ոչ միայն իշխանություների, այլ նաև անկախության գաղափարի նկատմամբ:

Երկու տասնամյակը քիչ ժամանակ չէ, որպեսզի անկախությունը Հայաստանի քաղաքացիների համար դառնար բացարձակ արժեք: Ամեն տարի սեպտեմբերի 21-ը նշվում է պետականորեն: Այո, այդ օրը ոչ աշխատանքային է, սակայն համահայկական տոնը դեռևս չի վերածվել համաժողովրդականի: Հայաստանի շարքային քաղաքացիները այս օրը խնջույքներ չեն կազմակերպում, շատերը միմյանց անգամ չեն շնորհավորում տոնի առիթով: Անկախության տոնը լիովին չի մտել մեր ընտանիք և Անկախության օրով մենք մեր տներում տոնական  սեղաններ չենք բացում:

Անշուշտ, անկախության հաստատման ճանապարհը ենթադրում է նաև զրկանքներ ու անվերադարձ կորուստներ անկախության ձգտող ժողովրդի համար, սակայն այդ զրկանքներն ու կորուստները չպետք լինեին միայն ժողովրդի մեկ հատվածի՝ շարքային քաղաքացիների հաշվին:

Այսօր էլ, անկախության հաստատումից 21 տարի անց բնակչության մի հատված դեռ երանի է տալիս խորհրդային ժամանակներին: Այդ ժամանակները հատկապես հիշում է այսօրվա Հայաստանի բնակչության այն հատվածը, որը պաշտոնական տվյալներով դասվում է աղքատների խմբին: Իսկ այսօր Հայաստանի բնակչության ավելի քան 35 տոկոսը աղքատ է: Անկախության հանդեպ վերապահումների պատճառը ոչ միայն և ոչ այնքան  աղքատությունն է, որքան այն հոռի բարքերը, որոնք եկան անկախության հենց առաջին օրերից և դարձան շարքային հայ քաղաքացու կյանքի ու կենցաղի անքակտելի մասը: Դա և’ կոռուպցիան ու կաշառակերությունն  է, և’ մարդու իրավունքների համատարած ոտնահարումը, և’ պարբերաբար կեղծվող ընտրությունները, անարդարությունը, սոցիալական խիստ շերտավորումը:

Բայց այս հոռի բարքերի պատճառը պիտի փնտրել այլ տեղում: Անկախ պետականությունը չէ պատճառը, որ այսօր և անցնող 21 տարիներին Հայաստանի քաղաքացին լավ կյանքով չի ապրում: Անկախ պետականությունը չէ պատճառը, որ այսօր և անցնող 21 տարիներին Հայաստանի քաղաքացին դժգոհ է օրվա իշխանությունից: Հակառակը, միայն լիարժեք անկախություն և պետականություն ունենալու պայմաններում է հնարավոր կերտել բարեկեցիկ, սոցիալապես արդար և վերջապես ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ և ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ:

Թաթուլ Հակոբյան

 (Լուսանկարը՝ Ֆոտոլուրի):