Լավագույն ավանդույթները շարունակվում են

Այս տարվա ութ ամիսներին Հայաստանում օդային ուղևորափոխադրումների ծավալն ավելացել է 5,6%-ով կամ 59 հազ. մարդով՝ կազմելով 1,11 մլն մարդ, ինչը, սակայն, չի նպաստել «Արմավիայի» ֆինանսական վիճակի բարելավմանը։ Պարտքային պարտավորությունների կատարումը ձգձգելու պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը երեկ հերթական անգամ ժամանակավորապես դադարեցրել է «Արմավիայի» մի շարք ուղղություններով չվերթների սպասարկումը։

Երկու օր է, ինչ հետաձգվում են «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մի քանի չվերթներ՝ օդանավակայանին կուտակած պարտքի պատճառով։ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Օրակարգին» ասաց, որ «Զվարթնոց» օդանավակայանը չի սպասարկում «Արմավիայի» չվերթները, քանի որ ընկերությունը խախտել է մարտին ստորագրած համաձայնագրի պայմանները՝ զգալիորեն գերազանցելով թույլատրելի պարտքի հաստատված սահմանաչափը։

«Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան «Օրակարգին» նշեց, որ ընկերության կողմից ընթացիկ պարտքի մարման ուշացումը պայմանավորված է նրանով, որ երկուշաբթին եղել է ոչ աշխատանքային օր, ինչի արդյունքում բանկային գործարքներ չեն կատարվել։ Ավետիսովայի խոսքով՝ գումարները փոխանցվել են, դրանք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հաշվեհամարներին կնստեն 2-3 օրվա ընթացքում։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանն էլ պարզաբանեց, որ ՔԱԳՎ-ն դեռևս չի միջամտում, քանի որ ընկերությունների միջև ընթանում են բանակցություններ, և սպասում է դրանց արդյունքներին։
Ի դեպ՝ երեկ երեկոյան «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը վերականգնել էր «Արմավիայի» չվերթների սպասարկումը, չնայած ավիաընկերությունն այդպես էլ չէր կատարել կուտակած պարտքի նվազեցման վճարումը։ Ըստ Աբրահամյանի՝ չվերթների սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման և պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ:

Ավանդույթները շարունակվում են
Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ «Զվարթնոցը» հարկադրված է դիմել կոշտ միջոցների՝ ստիպելու համար «Արմավիային» մարել կուտակած պարտքը։

Երկու ընկերությունների միջև պարտքային խնդիր ծագել էր նաև այս գարնանը։ Քառօրյա բանակցությունների արդյունքում մարտի 15-ին «Արմավիան» և «Արմենիա միջազգային օդանավակայանները» ստորագրել էին համաձայնագիր, որով օդանավակայանը համաձայնել էր բավարարել «Արմավիայի» պահանջները, մասնավորապես՝ վերանայել սպասարկման սակագները։ Ավիաընկերությունն իր հերթին պարտավորվել էր սահմանված ժամանակացույցով՝ մինչև սեպտեմբեր մարել կուտակած պարտքերը։ Այդ ժամանակ «Արմավիան» օդանավակայանի առջև կուտակել էր վեց ամսվա պարտք՝ $5,3 մլն։

Երկու ընկերությունների միջև պարտքային վեճ ծագել էր նաև անցած տարի։

Ներկայում ձևավորվել է մի վիճակ, երբ «Արմավիայի» համար պարտքային խնդիրներն ու չվերթների հետաձգումը վերածվում են ավանդույթի։ Ընկերությանը կարծես չի էլ մտահոգում գործարար համբավը։

Չնայած «Արմավիայի» նման գործելաոճից առաջին հերթին տուժում են ուղևորները, նրանք պարզապես ստիպված են օգտվել ավիաընկերության ծառայություններից։ Ավիափոխադրողը, կառավարության թեթև ձեռքով, 10 տարով ստացել է ներքին և միջազգային չվերթներ իրականացնելու բացառիկ իրավունք, որի ժամկետը, ի դեպ, լրանում է 2013թ.։

Հաշվի առնելով, որ գալիք տարի ավարտվում է «Արմավիայի» մենաշնորհը՝ ընկերությունում, ամենայն հավանականությամբ, փորձում են «մնալ ալիքների վրա» և ամեն գնով խուսափել սնանկացումից։

«Արմավիան» պարտքեր է կուտակել ոչ միայն «Զվարթնոցի» առջև։ Ազգային ավիափոխադրողը մոտ $50 մլն-ի վարկային պարտավորություններ ունի հայկական մի քանի բանկերում։ Հասկանալի է, որ ավիափոխադրողի սնանկացումը լուրջ հարված կհասցնի նաև բանկային համակարգին։ Ուստի պատահական չէ, որ այս մարտին երկու ընկերությունների միջև պարտքային խնդիրները հարթելու համար վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային հանձնաժողովում ընդգրկված էր նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչը։