Աննպատակ զոհաբերություն

Կառավարության երեկվա նիստը վեր է հանել պետական գնումների ոլորտի հիմնական խնդիրները։ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի առաջարկով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Գնումների աջակցության կենտրոնի ղեկավարը։ Եվ սա այն դեպքում, երբ կառույցը պետգնումների համակարգում առավելապես խորհրդատվական բնույթի գործառույթներ է իրականացնում։

Երեկ կառավարության նիստին Վաչե Գաբրիելյանը, զեկուցելով պետական գնումների ոլորտում հայտնաբերված խնդիրների մասին, նշեց, որ դրանք ոչ թե օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորման դաշտում են, այլ վարչարարության։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմանը, թե ինչ լուծումներ է առաջարկում ֆինանսների նախարարը, Վաչե Գաբրիելյանը նշեց՝ Գնումների աջակցման կենտրոնի ղեկավար կազմի, մասնավորապես Կենտրոնի ղեկավարի և նրա տեղակալների փոփոխություն։ Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Հակոբ Բեգլարյանը։

«Գնումների մասին» օրենքի փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել 2011թ., պետական գնումների կազմակերպման ողջ գործընթացը Հայաստանում դրված է պատվիրատուների, այսինքն՝ պետական գերատեսչությունների վրա։ Պետական գնումների աջակցման կենտրոնը օրենսդրական այս փոփոխությունից հետո ավելի շատ նման է խորհրդատվական մարմնի։ «Գնումների մասին» օրենքով սահմանված է, որ կենտրոնն իրականացնում է գնումները համակարգողների մասնագիտական ուսուցումն ու շարունակական վերապատրաստումը, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն (պատվիրատուներին՝ անվճար, իսկ մասնակիցներին և այլ անձանց՝ վճարովի)։

Գնումների աջակցման կենտրոնը նաև կազմում և պաշտոնական տեղեկագրում հրապարակում է շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցանկը, գնումների նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակը, իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթներ։

Իհարկե, կենտրոնը ներգրավված է շրջանակային համաձայնագրերով ձեռք բերվող ապրանքների մրցույթների գործընթացներում, սակայն մատակարարների հետ և գների շուրջ բանակցում ու հաղթող ընկերություններին որոշում է պատվիրատուն։

«Գնումների մասին» օրենքով սահմանված է, որ լիազորված մարմինը պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող գործադիր իշխանության պետական մարմինն է։ Օրենքի 15-րդ հոդվածով սահմանվում է, որ գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումն իրականացնում է լիազորված մարմինը (այսինքն՝ ֆինանսների նախարարությունը)։ Ստացվում է, որ պետական գնումների ոլորտում գերատեսչությունների կողմից օրենսդրության տառի պահպանման, ինչպես նաև գործընթացների վերահսկման համար պատասխանատու է ֆինանսների նախարարությունը։

2011թ. սեպտեմբերից Հայաստանն անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպության «Պետական գնումների համաձայնագրին», ինչը նշանակում է, որ օրենսդրական մակարդակով երկիրը բավարարում է կազմակերպության չափանիշներին։ Ի դեպ՝ տարածաշրջանի երկրներից Հայաստանը միակն է, որն անդամակցում է այս համաձայնագրին։ Այդուհանդերձ, ըստ ոլորտի մասնագետների, լուրջ բացեր կան ենթաօրենսդրական մակարդակում. մի շարք ակտեր, որոնք պիտի ապահովեն «Գնումների մասին» օրենքի որոշ դրույթների կիրարկումը, առայսօր ընդունված չեն։