Երկնային մանանայի պես սպասում էինք անկախացմանը. Երվանդ Երկանյան

Հանրաքվեի օրը տարօրինակ զգացողություն ունեցա: Մեր տեղամասում քվեարկությունը դպրոցներից մեկում էր։ Մարդկանց այնքան մեծ բազմություն էր հավաքված դպրոցի առջև, որ մի պահ թվաց, թե ինձ հերթ չի հասնի: Բոլորը շտապում էին հնարավորինս շուտ հայտնվել ներսում, հրմշտում էին իրար: Որ ժողովուրդը անկախությանը «այո» ասելու համար նման բաներ աներ՝ ես այդպիսի բան չէի տեսել։

Այդ օրերին մեր հիմնական զբաղմունքը քաղաքացիական միտինգներին մասնակցելն էր: Իմ փոքրիկ որդուն նստեցնում էի ուսերիս, և գնում էինք հրապարակ: Առաջինը, որ գալիս է միտքս, երբ հիշում եմ այդ իրադարձությունները՝ հեղափոխական ռոմանտիզմի զգացմունքներն էին: Բայց իհարկե, այդ զգացմունքները ներքին բնույթ ունեին, քանի որ կային նաև տագնապներ:

Այդ տարիները ծանր էին մեր ժողովրդի համար: Արդեն տեղի էին ունեցել Սումգայիթի, Բաքվի դեպքերը, հակահայկական հիստերիան իհարկե վատ զգացմունքներ էր առաջացնում: Մենք երկար տարիներ երկնային մանանայի պես սպասում էինք անկախացմանը, բայց և մտածում՝ արդյոք նման չի լինի այն դարասկզբի պատմությանը, երբ Արևմտյան Հայաստանը մնաց թուրքական յաթաղանի առջև:
Մի կողմից շատ ոգևորված էինք, որովհետև կարծես զգում էինք ազատության շունչը, մյուս կողմից՝ պատմության դառը դասերը բավականին բարդ զգացմունքներ էին առաջացնում: Ժողովուրդն այնքան ուրախ էր, որ բոլոր վախերը մարում էին:

Մեկնաբանել