Զուսպ արտահայտչամիջոցների վարպետը

Սեպտեմբերի 5-9-ը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվեց Հայաստանի վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված հեղինակի ծննդյան 60-ամյակին:

Սիբիրի Պրոկոպևսկ քաղաքում 1952թ. ծնված և 14 տարեկանում Հայաստան տեղափոխված Անատոլի Ավետյանն արմատներով Լոռվա աշխարհից է: Նրա ամենասիրած քաղաքը Վանաձոր-Կիրովականն է, որի պատվավոր քաղաքացին է 2009-ից։ Ուստի պատահական չէր, որ մինչ երևանյան հիշյալ ցուցահանդեսը նրա աշխատանքները ներկայացվեցին վանաձորցի արվեստասերներին: Յուրաքանչյուր արվեստագետի հոգու պարտքն է նախ և առաջ ներկայանալ համերկրացիներին՝ ստեղծագործական հաշվետվություն տալու նրանց և սահմանագծելու արած-չարածի հաշվեկշիռը:

Անատոլի Ավետյանի ստեղծածը տպավորիչ է, նա համարձակ փորձարկումներ որոնող արվեստագետ է: Մետաղի դրվագման նրա աշխատանքներին ծանոթ էի շատ վաղուց։ Սակայն երբեք չէի մտածի, թե անցնող տարիներին նա այդչափ խորանալու է արվեստի այդ ճյուղի մեջ՝ հասնելով, հիրավի, ակնառու նվաճումների։ Ժամանակի ընթացքում նա գույնի կարիք է զգացել և մետաղը վերածել կտավի։

Մետաղի դրվագման և արծաթի ու պղնձի վրա դրվագաքանդակների արվեստը հայոց մեջ զարգացած է եղել վաղնջական ժամանակներից, ու բոլորովին այլ հարց է, որ այն մեզանում հետագա տարածում չի գտել:

Անատոլի Ավետյանը տարբերություն չի դնում նյութերի միջև: Նրան հավասարապես տրվում են մետաղն ու փայտը, քարն ու ապակին, էլ չենք խոսում կտավի ու ներկերի մասին: «Նյութերի բազմազանությունը և ամենօրյա փորձարկումներն իմ տարերքն են»,– սիրում է կրկնել արվեստագետը։ Իրոք, նա սիրում է գույնը, ձևը, գիծը, ծավալը, ֆակտուրան. «Արարում եմ՝ ինչպես կամենում եմ, ինչ կամենում եմ և ինչով կամենում եմ»: Արդյունքում նա իրեն ազատ է զգում արվեստում և ուրախ է, որ չի հարում որևէ ոճի, բնույթի ու ուղղվածության:

Դիտելով տարբեր տարիներին արված Ավետյանի աշխատանքները՝ մի կողմից պարզում ես նրա հավատարմությունը գեղարվեստական որդեգրած սկզբունքին, մյուս կողմից՝ զարմանում նրա երևակայության շերտերի բազմազանությամբ։ Նման արդյունքի հասնելու համար արվեստագետը պիտի տիրապետեր թե՛ գեղանկարչության, թե՛ քանդակի հմտություններին, իր մեջ միավորեր ու միահյուսեր դրանց գեղագիտական առանձնահատկությունները: Հիշելով իր ուսանողական տարիները Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում՝ Անատոլի Ավետյանը խոստովանում է. «Հավասարապես սիրում էի թե՛ նկարել, թե՛ քանդակել: Դրա համար որոշեցի սովորել դիզայնի բաժնում, որտեղ կարելի էր միաժամանակ երկուսով էլ զբաղվել»:

Եթե նույնիսկ մտովի պատկերացնելու լինենք, թե ինչպես է արվեստագետը մուրճի մանր ու հատու հարվածներով եզրագծեր ու բարձրաքանդակներ անում պղնձե ու ալյումինե թիթեղի վրա, հետո դրանք երփնագրում տարագույն ներկերով, արդեն սարսափելի կթվա գործի աշխատատարությունը: Իսկապես, մեծ աշխատասիրություն ու տքնանք է պետք մետաղի վրա ռելիեֆային գեղանկարչությամբ զբաղվելու համար։ Անատոլի Ավետյանից երկար օրեր ու ժամեր է խլում յուրաքանչյուր նոր գործի ծնունդը: Բայց, ի վերջո, հաղթում է այն անդիմադրելի կիրքը, որը նա տածում է դեպի ստեղծվելիք աշխատանքները: Վերջիններս հատկորոշվում են բարձր ճաշակով ու պրոֆեսիոնալիզմով՝ զուսպ արտահայտչամիջոցներով շատ ավելին ասելու հազվագյուտ կարողությամբ:

Ավետյանը ստեղծագործում է գրեթե բոլոր ժանրերով՝ բնանկար, դիմանկար, նատյուրմորտ, կոմպոզիցիա։ Դժվար է նրա՝ մեկը մյուսին չզիջող ստեղծագործություններից առանձնացնել գեթ մի քանիսը: Բոլոր դեպքերում թվենք մի քանի անուններ հատկապես դիմանկարի ժանրից՝ «Արմենուհի», «Լուսինե», «Պատանեկություն», «Գարուն», «Աշուն» և այլն: Պայմանական անվանումներով այս գործերում հեղինակը կանանց մի ողջ դիմաշար է ստեղծել, հմայիչ գեղեցկուհիների մի ամբողջ պատկերասրահ:

Հետևելով այդ ստեղծագործությունների ժամանակագրությանը՝ համոզվում ես, որ Անատոլի Ավետյանն ավելի ու ավելի է կատարելագործել կերպարաստեղծման եղանակները՝ ներառելով տարբեր նյութերի համակցությունը: Գեղարվեստական ներգործության մեծ լիցք են պարունակում պատկերաշարի մաս կազմող «Սև գլխարկ» և «Ամառ» աշխատանքները՝ արված 2009թ.:

2003թ. ստեղծված «Աստվածամայրը մանկան հետ» (պղինձ, պատինա, ներկեր, կոլաժ) նկարից գորովալից հայացքով մեզ է նայում Տիրամայրը։ Բնական տխրություն կա նրա աչքերում, միաժամանակ՝ անսքող պարզություն մանուկ Հիսուսի հայացքում։ Հայկական կարպետի խորքային օգտագործմամբ նկարը ձեռք է բերել ազգային ընդգծված նկարագիր և վերածվել թանգարանային իսկական նմուշի: Սրբանկարի վերածվելու գեղարվեստական ակնհայտ հավակնություն ունի նաև Լուսինեն՝ համանուն ստեղծագործությունից:

Ցուցահանդեսին ներկայացված գործերից չմոռանանք հիշատակել «Փարաջանով» կոմպոզիցիան, որի ձախ կողմում մեծանուն կինոռեժիսորի ավետյանական մեկնաբանությունն է, աջում՝ խորհրդային գրաքննության կնիքը՝ ծորացող արյան կաթիլներով:

Վերջին շրջանում Ավետյանը ձեռնարկել է «Իմ ժամանակակիցները» շարքը, որում արդի հայ գրականության ու արվեստի ներկայացուցիչներն են՝ իրենց դիմանկարներով և թղթին փոխանցած սեփական ձեռագրերով: Պատրաստի 17 աշխատանքները հեղինակը նվիրել է Վանաձորի պատկերասրահին:

Հնարավոր չէ շրջանցել նաև Ավետյանի բնանկարների շարքը: Անկախ նրանից՝ դրանց համար հենք են ծառայել մետաղը թե կտավը, արվեստագետը լակոնիկ միջոցներ է օգտագործում ներգործուն տպավորության հասնելու համար: Ավետյանի նախասիրածը միայնակ ծառի մոտիվն է, որը, գեղարվեստականից զատ, փիլիսոփայական իմաստ է կրում իր մեջ: Այն լավագույնս արտացոլված է 2010թ. արված եռանկարում՝ «Հաղպատ տանող ճանապարհին», «Կարմիր սարեր» և «Ոսկե աշուն»: Իրականում դրանք ոճավորված աշխատանքներ են՝ յուղաներկի առատ գործածությամբ և երկաթե սանրի կամ այլ առարկայի միջոցով հետաքրքիր ֆակտուրա ստանալու վարպետությամբ:

Ավետյանն իր վերացական բնույթի աշխատանքներում ներկի կամ գույնի անհրաժեշտություն չի զգում: Ավելի ճիշտ՝ գունային համապատասխան զգացողության նա հասել է անագի, պատինայի և այլ նյութերի ու տեխնոլոգիաների կիրառմամբ: Առանձնացնենք «Գիծը տարածության մեջ» շարքի գործերը՝ երկրաչափական ձևաստեղծումների խորիմաստ զուգորդումներով:

Ամբողջական չէր լինի անդրադարձը Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսին և ընդհանրապես նրա ստեղծագործությանը, եթե չհիշատակեինք վերջին 7-8 տարիներին նրա արած քանդակները: Իհարկե, այդ աշխատանքները լոկ պայմանականորեն պետք է քանդակ կոչել: Դրանք, ավելի ճիշտ, քանդակային կոմպոզիցիաներ են՝ բաղկացած օբսիդիանի քարակտորներից: Բնական փայլ ու ֆակտուրա ունեցող քարաբեկորները վառ երևակայություն ունեցող արվեստագետի «միջամտության» շնորհիվ մեկ «Զինվոր» ու«Մաեստրո» են դարձել, մեկ՝ «Արձագանքի» ու «Գեղարդի» վերածվել: Այդ քանդակները մերթ կիկլոպյան ժամանակաշրջանի ստեղծագործություններ են հիշեցնում, մերթ՝ գերարդիական կամ «ֆուտուրիստական» գործեր՝ ժամանակակից հայ քանդակային արվեստում նոր շարունակություն սկզբնավորելով։

Ավելացնենք, որ ցուցահանդեսի չափսերով ամենամեծ՝ «Օրհնյալ երկիր, Հայաստան» շարքի երկու գործեր այսուհետ իրենց մշտական տեղը կգտնեն Ազգային ժողովի շենքում: Դրանք հեղինակի նվերն են օրենսդրին։

Լևոն Լաճիկյան, արվեստաբան