Շնորհակալ եմ անկախությանը, քանի որ ջազը ստացավ ազատություն. Չիկո

Շարժման առաջին օրերից ես հրապարակից չէի հեռանում: Այդ տարիներին նվագում էի Օրբելյանի նվագախմբում և նույնիսկ ընդմիջմանը դուրս էի գալիս և վազում հրապարակ, որ տեսնեի, թե ինչ է կատարվում: Հուզմունքի ժամանակահատված էր: Ես կոկորդի սպազմով էի տուն գալիս: Կոչ էին անում՝ ով հնարավորություն ունի, հրավիրի հրապարակում հավաքվածներին տուն՝ գիշերելու, քանի որ շատերը շրջաններից էին գալիս, իսկ հավաքները երբեմն շատ ուշ էին ավարտվում: Եվ ես մի քանի անգամ հյուրընկալեցի մարդկանց:

Շատ դժվար ժամանակ էր՝ երկրաշարժը, հսկայական երկրի փլուզումը: Իհարկե, մեր բոլորի իղձերը նախ և առաջ կապված էին Ղարաբաղյան հակամարտությունում հաղթանակի հետ, և դա տեղի ունեցավ: Սակայն միայն դրանով արդարանալու համար շատ ուշ է և անիմաստ, որովհետև հիասթափություն ևս տեղի ունեցավ և այն բերեց հսկայական արտագաղթի: Ես այն ժամանակ էլ երիտասարդ չէի և հատուկ սպասումներ չունեի: Պարզապես մտածում էի, որ պիտի ապրեմ, և ունեի մասնագիտություն, որն ինձ կերակրում էր։

Կարող եմ շնորհակալություն հայտնել անկախությանը, քանի որ ջազը ստացավ ազատություն, տնային պարփակված վիճակից դուրս եկավ քաղաք: Այն չվարձատրվող զբաղմունքից դարձավ մասնագիտություն: Սովետական ժամանակահատվածում լինում էին փառատոներ, համերգներ, սակայն չկար ամենակարևորը՝ առօրյան: Իսկ այն տարիներին մոմերի լույսի տակ նվագում էինք ջազ և երջանիկ էինք: