Սպասումներն անկախությունից վարդագույն էին և ռոմանտիկ. Արմեն Հյուսնունց

Ինձ մոտ կար ներքին հրճվանքի, հպարտության, ուրախության զգացում, որովհետև իրականացել էր դարավոր մի երազանք։ Բայց պարզ էր, որ պիտի հաղթահարեինք նաև դժվարություններ: Երևի թե անխուսափելի էին այդ փորձությունները, և ուրախ եմ, որ մեր ազգն իր մեջ ուժ և տոկունություն գտավ և առանց մեծ կորուստների և արժանավոր ձևով դուրս եկավ փորձություններից: Այդ ամենը ստիպեց, որ է՛լ ավելի գնահատենք և կարևորենք մեր ձեռք բերած անկախությունը։

Ես ուսանող էի և ակտիվ մասնակցում էի հավաքներին: Շատ ոգևորված էի համախմբման գաղափարով, արցախյան շարժումով: Անկախության ճանաչումը մի քանի տարի տևած գործընթացի եզրահանգումն էր: Սպասումներն անկախությունից վարդագույն էին և ռոմանտիկ: Ժամանակը ցույց տվեց, որ այդ սպասումները կամաց-կամաց պիտի իրականանան, ավելի ուշ: Ամենատպավորիչը ազգի համախմբվածությունն էր, այն ուժ էր տալիս։ Ես այդ ծանր ժամանակները թեթև եմ տարել՝ տոկունությամբ և հավատքով, որ այդ ամենն անցողիկ է։