Ամենավառ հիշողությունը հայկական դրոշի բարձրացումն էր. Վարդան Պետրոսյան

Ոչ ոք չէր կարծում, որ Խորհրդային Միության պես հզորագույն պետությունը, ինչպես այն անվանում էին՝ «Չարի կայսրությունը», երկու հարյուր տարուց շուտ կարող է փլուզվել: Ամենավառ հիշողությունը, որ մինչ օրս պահպանվել է և, կարծում եմ, կմնա մինչև կյանքիս վերջը՝ հայկական դրոշի բարձրացումն էր, մեր առաջին խորհրդարանը, երբ անկախության հռչակագիրը հայտարարվեց, ու հնչեց հիմնը: Բոլորը հոտնկայս, կաթողիկոսն օրհնեց… ինձ համար շատ-շատ հուզիչ պահ էր, դժվար էր արցունքները զսպել, կոկորդս սեղմված էր, և ես մտածում էի՝ ինչու այդ պահին ծնողներս կենդանի չէին: Հատկապես հայրս: Նույնիսկ խորհրդային տարիներին մեր ընտանիքում բոլորս անկախապաշտ էինք, ընկերական շրջապատում ևս երազում էինք անկախության մասին:

Հիշում եմ՝ երբ ես ուսանող էի, աշնանային մի օր հայրս իր ընկերոջ հետ եկավ թատերական ինստիտուտ: Չեմ հիշում, թե խոսակցությունն ինչ նյութի շուրջ էր, իմ ռեպլիկներից մեկին պատասխանելով՝ հորս ընկերն ասաց. «Երիտասարդ, այդպես մի խոսեք մեր սերնդի մասին, մեր սերունդը պատերազմ է հաղթել»: Իսկ ես անբռնազբոս, պարզապես առանց մտածելու ասացի. «Դուք պատերազմն եք հաղթել, իսկ հողերը մենք հետ պիտի բերենք»:

Ի՜նչ տեղի ունեցավ հորս հետ: Այդ տարիներին նման բաներ չէին ասվում, բայց դա այնպիսի հրճվանքի զգացում առաջացրեց նրա սրտում: Չէ՞ որ յուրաքանչյուր սերունդ մտածում է, որ եկող, երիտասարդ սերունդը չի հետաքրքրվում պատմությամբ և չի կարող լուծել խնդիրները: Հպարտ էր, որ նման տղա է դաստիարակել: Եվ 1991թ. մտածում էի՝ ինչու խեղճ հայրս չպիտի տեսներ այդ օրը: Այնպես որ՝ մի կողմից դա հրճվանքի պահ էր, մյուս կողմից՝ մեծ թախիծի, որ հայրս ու մայրս չտեսան:

Հանրահավաքների օրերին մենք ապրում էինք Ազատության հրապարակում, համարյա տուն չէինք գնում: Ասում են՝ ազգային զարթոնքի օրեր էին, և իրոք այդպես էր: Հայ մարդկանց միջև վերացել էին հակասությունները: Իբրև անեկդոտ պատմում են, որ երբ ժողովուրդը որոշեց ազգովի գործադուլ անել, բանտից եկավ «գողերի» ներկայացուցիչը և հարթակից հայտարարեց, որ գողերը ևս միանում են, և գրպանահատները ոչինչ չեն գողանա այլևս: Ոստիկանները մեր հետ էին, ծեր ու ջահել չկար, տղամարդ և կին չկար, բոլորը քույրեր և եղբայրներ էին: Գործարանատերերը, որոնք լավաշ, հաց էին թխում, անվճար բերում, բաժանում էին ժողովրդին: Ես այդ միասնական բռունցքը երբեք չեմ մոռանա: