Հայտնի են դարձել 2012թ. Շնոբելյան մրցանակի դափնեկիրները

Սեպտեմբերի 20-ին Հարվարդի համալսարանում կայացել է Շնոբելյան կամ Հականոբելյան մրցանակի (Ig Nobel Prize) շնորհման արարողությունը: Այս մրցանակին արժանանում են գիտության ոլորտում կասկածելի նվաճումների հասած անձինք: Մրցանակները շնորհվել են տասը կատեգորիայում:

2012թ. Շնոբելյան մրցանակի դափնեկիրների շարքում է ռուսաստանցի ինժեներների խումբը՝ Իգոր Պետրովի գլխավորությամբ: Չելյաբինսկի շրջանի Սնեժինսկ քաղաքի SKN ընկերության մասնագետները պարգևատրվել են տեխնոլոգիայի մշակման համար, որը թույլ է տալիս հին պայթուցիչը վերածել ալմաստների:

Հոլանդացի հոգեբանները մրցանակ են ստացել հետազոտության համար, որը բացատրում է՝ ինչու է Էյֆելյան աշտարակը ավելի ցածր թվում, երբ դրան ձախ կռացած ես նայում: Ճապոնացի հետազոտողները Հականոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել SpeechJamme սարքի ստեղծման համար, որը թույլ է տալիս դադարեցնել չաչանակ մարդու ձանձրալի խոսակցությունը նրան ապակողմնորոշելով:

Բացի այդ՝ մրցանակի են արժանացել ամերիկացի մի խումբ հետազոտողներ, որոնք բացահայտել են, որ շիմպանզեները կարող են ճանաչել իրենց ցեղակիցներին վերջիններիս մեջքով:  Դափնեկիրներից մեկն էլ շվեդ մի գիտնական է, որը զբաղվում է շվեդական գյուղերից մեկի բնակիչների մազերի գույնի փոփոխության հարցով:

Մրցանակի են արժանացել նաև ամերիկացի գիտնականներ, որոնք ուսումնասիրել են մահացած սաղմոնի գլխուղեղի գործունեությունը, Սթենֆորդի համալսարանի հետազոտողները, որոնք մաթեմատիկական մեթոդներով բացատրել են «ձիու պոչ» սանրվածքի ձևը, ինչպես նաև Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցները, որոնք փորձել են պարզել, թե ինչու է քայլելիս սուրճը թափվում բաժակից:

Հականոբելյան մրցանակը 1991թ. հիմնել է The Annals of Improbable Research երգիծական ամսագրի խմբագիր Մարկ Աբրահամսը: Հատկանշական է, որ մրցանակը շնորհում են Նոբելյան մրցանակակիրները: