ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է. Հիլարի Քլինթոնի շնորհավորական ուղերձը ՀՀ-ին

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետությանը՝ Անկախության տոնի կապակցությամբ:

Պետդեպի կայքում տեղադրված ուղերձում մասնավորապես ասված է. «Նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից ուրախ եմ հղելու լավագույն մաղթանքներս Հայաստանի ժողովրդին՝ ձեր անկախության տոնի կապակցությամբ, որը նշում եք սեպտեմբերի 21-ին:

Սա առանձնահատուկ առիթ է՝ պատվելու հայերի և հայկական ծագումով մարդկանց նվաճումները: Միացյալ Նահանգներում ամերիկահայերը հարստացրել են մեր հասարակությունը՝ ամրապնդելով մեր երկու երկրների միջև երկարամյա բարեկամական կապերը: Ես հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ զգալու հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը, երբ այս տարվա հունիսին այցելեցի Հայաստան:

Ինչպես այն ժամանակ ասացի, ԱՄՆ-ն հակված է սատարելու Հայաստանին՝ ամրապնդելու նրա ժողովրդավարական կառույցները, խորացնելու տնտեսական բարեփոխումները և նպաստելու խաղաղության ու բարգավաճման հետագա հաստատմանը:

Այժմ, երբ տոնում եք անկախության 21-ամյակը, իմացե´ք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր ու բարեկամ: Ես շնորհավորում եմ բոլոր հայերին այս կարևոր տոնի առթիվ ու մաղթում մեծ հաջողություն հաջորդ տարում»: