Ճապոնացիների 66%-ը մոռացել է հիերոգլիֆները

Ճապոնացիների 66%-ը խոստովանել է, որ անընդհատ համակարգիչ և բջջային հեռախոս օգտագործելու հետևանքով մոռացել է հիերոգլիֆների ճիշտ գրությունը: Ըստ Ճապոնիայի Մշակույթի վարչության հրապարակած հետազոտության՝ վերջին տասը տարվա ընթացքում այս ցուցանիշն աճել է 25%-ով:

Ուղղագրական խնդիրները հատկապես տարածված են 40-50 տարեկան ճապոնացիների շրջանում. այս կատեգորիայում ուղղագրական խնդիրներ ունի հարցվածների 80%-ը:  Որոշ հույս է ներշնչում երիտասարդ սերունդը. նրանց միայն 48%-ն է անում ուղղագրական սխալներ:

Ճապոնիայի Մշակույթի վարչության մասնագետները գլուխ են կոտրում այն հարցի վրա, թե ինչպես անել, որ երեխաները, շարունակելով օգտագործել համակարգիչն ու հեռախոսը, չմոռանան ուղղագրությունը:

Դպրոցում և համալսարանում դասավանդվող հիերոգլիֆների նվազագույն քանակը ներառում է 1945 նշան: Ընդ որում՝ հիերոգլիֆների ուղղագրությունը միակ խնդիրը չէ: Մի քանի տարի առաջ Ճապոնիայում մեծ պահանջարկ ունեին ձեռնարկներն ու դասագրքերը, որոնք սովորեցնում էին, թե ինչպես ճիշտ կարդալ հիերոգլիֆները: Բանն այն է, որ տարբեր դեպքերում դրանք տարբեր կերպ են արտասանվում: Ճապոնացի Մունեկադզու Դեգուտին այս առիթով նույնիսկ մի գիրք է հրատարակել, որը կոչվում է «Հիերոգլիֆներ, որոնք արտասանության տեսակետից հեշտ են թվում, սակայն իրականում այդպիսին չեն, ուստի՝ դրանք միշտ սխալ են արտասանվում»: Գիրքը վաճառվել է 600 հազ. տպաքանակով: