Զինյալները ի վերջո չեն հաղթելու. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը եգիպտական «Ալ Ահրամ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ ի վերջո զինյալները չեն հաղթելու, իսկ վերջնական լուծումը ժամանակ է պահանջում:

Սիրիայի նախագահը խիստ քննադատել է Թուրքիային, Սաուդիան Արաբիային և Կատարին ընդդիմադիրներին զինելու և աջակցելու համար: Վերջին երկուսի մասին նա ասել է` նրանց թվում է, թե փողով կարելի է գնել աշխարհագրությունը, պատմությունը և տարածաշրջանային դերը: Ասադի խոսքով` Միջին Արևելքում տարածաշրջանային անվտանգության եռանկյունին կազմվում է Սիրիայից, Եգիպտոսից և Իրաքից և ոչ թե Սիրիայից, Եգիպտոսից և Սաուդիան Արաբիայից:

Ասադը նշել է, թե 1967թ. Եգիպտոսի դեմ հարձակման հետևում Սաուդիան Արաբիան է կանգնած: Իսկ Սաուդիան Արաբիայի` Սիրիայի հետ հարաբերությունները միշտ էլ սահմանափակվել են «սիոնիզմի դեմ պայքարի մեր քաղաքականությունից դժգոհ արևմտյան երկրների հետ միջնորդությամբ»:

Կատարի մասին նա ասել է, թե նրանք ուզում են Լիբիայի սցենարը կրկնել Սիրիայում՝ «կայունության աջակցության փոխարեն ահաբեկիչներին փող և զենք մատակարարելով»: Ասադը հավելել է, թե Կատարը բռնության հրահրման մեջ ամենաարագն էր:

Անդրադառնալով Թուրքիային` Սիրիայի նախագահն ասել է, թե Անկարան շատ բան է կորցրել Դամասկոսի նկատմամբ իր դիրքորոշման պատճառով: Նա ասել է, թե Թուրքիայի ղեկավարության այս դիրքորոշումը բխում է ոչ թե Թուրքիայի ժողովրդի և երկրի անվտանգության շահերից, այլ միայն մի խմբի շահերից, որը «նոր օսմանական» ծրագրի ջատագովն է:

Ասադն ասել է, որ զինյալներն ահաբեկում են պետության բաղադրիչ տարրերին, և նրանք ժողովրդականություն չեն վայելում Սիրիայի հասարակության շրջանում, քանի որ հարվածել են երկրի ենթակառուցվածքներին և սպանել անմեղ քաղաքացիներին:

Ասադը նաև վստահեցրել է, որ ի վերջո զինյալները չեն հաղթելու, և լուծումը կլինի միայն ներքին երկխոսության շնորհիվ, իսկ նրանց աջակցողները միայն լիբիական սցենարով լուծում են պատկերացնում: «Վերջնական լուծումը ժամանակ է պահանջում»,- հավելել է Ասադը: