Վարդան Օսկանյանը շնորհավորել է Անկախության տոնը

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր հերթական գրառմամբ շնորհավորել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Օսկանյանի գրառումը ներկայացված է ստորև:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: 
Երեկ ուշ երեկոյան ինձ զանգեց ԱՄՆ-ից նոր ժամանած իմ ընկերը, որն ավարտել է Հյուսիսային պողոտայում իր գնած բնակարանի ձևավորումն ու կահավորումը և արդեն Հայաստանում եղած ժամանակ մնում է իր տանը: Նա ինձ հրավիրեց սիգար ծխելու և զրուցելու: 

Այդ շենքի յոթերորդ հարկից հրաշալի էր երևում Երևանը և Հյուսիսային պողոտան՝ լեփլեցուն սրճարաններով, զբոսանքի դուրս եկած մարդկանց բազմությամբ:
Մտովի տեղափոխվեցի 90-ականների սկզբները՝ հիշելով մութ ու ցուրտ Երևանը: Այդ պահի իրական և մտավոր պատկերները մոտս երկու միտք ծնեցին: 
Նախ, որ այն, ինչ տեսնում եմ, ամբողջ Հայաստանը չէ: Հյուսիսային պողոտայում նստած յուրաքանչյուր ուրախ հայի դիմաց կա Հայաստանի հարյուր քաղաքացի, որ ոչ միայն հնարավորություն չունի սրճարանում ժամանակ անցկացնելու, այլև տարված է օրվա իր գոյապրուստը հոգալով: Մեր խնդիրը պետք է լինի Երևանի կենտրոնում բյուրեղացած կենսակերպը համընդհանուր դարձնել ամբողջ Հայաստանի համար: Ես կարծում եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում սա հնարավոր է անել և հնարավոր է անել կարճ ժամանակում:

Երկրորդ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա ճիշտ գնահատել Հայաստանի անցած ճանապարհը, ներկան և ապագայի նկատմամբ մեր ակնկալիքը, պետք է կարողանա ճիշտ համադրությունը գտնել երկու մոտեցումների՝ առաջին, անկախ ամեն ինչից, այն ամեն դրականը, ինչ կա այսօր Հայաստանում, պետք չէ համարել, որ այդպես էլ պետք է լիներ: Դա կարող էր և չլինել կամ շատ ավելի վատ լինել: Մեր պատմությունը դրա վկան է: Այն, ինչ այսօր կա, իրոք մեր ժողովրդի նվիրումի, զոհաբերության, աշխատասիրության և խիզախության արդյունքն է:

Ուստի եկե՛ք ըստ արժանվույն գնահատենք մեր ձեռքբերածը: Սակայն մյուս կողմից բացարձակապես պետք չէ բավարարված լինել այս նույն վիճակով, և պետք է անհանդուրժող լինել բոլոր այն թերությունների և բացասական երևույթների նկատմամբ, որոնք այսօր կան Հայաստանում: Ահավասիկ, այս երկու մոտեցումների ճիշտ համադրումն է միայն, որ մի կողմից մեզ մոտ ավելորդ հիացմունք չի առաջացնում ներկա վիճակի նկատմամբ, մյուս կողմից՝ հուսալքություն ապագայի նկատմամբ: 

Իրոք սքանչելի է, որ սփյուռքահայը, թողնելով Նյու Յորքի իր բարեկեցությունը, մտածում է Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին: Սքանչելի է, որ հազարավոր սիրիահայեր կրակից և մահվան սպառնալիքից մայր հայրենիքում պատսպարվելու հնարավորություն ունեն: Բայց մյուս կողմից՝ ցավալի է, որ բազմահազար հայեր լքում կամ մտածում են երկիրը լքելու մասին՝ իրենց և իրենց երեխաների ապագան օտար ափերում փնտրելու: 

Հայաստանը կլինի ամբողջական այն օրը, երբ ոչ միայն Սփյուռքի մեր հայրենակիցները կցանկանան վերադառնալ հայրենիք, այլև առաջին հերթին հայաստանաբնակները մտքի ծայրով անգամ չեն անցկացնի իրենց բնօրրանը լքելու գաղափարը: