ԲՀԿ-ի դիրքորոշման վրա ստվեր նետող ձևակերպումներն ընդունելի չեն. Տիգրան Ուրիխանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդագրություն է տարածել «Իրավունք» թերթում այսօր լույս տեսած «Մենք ՀՀԿ-ի հետ մրցակցության մեջ չենք» հրապարակման առնչությամբ: Ուրիխանյանի տարածած հայտարարությունը ներկայացված է ստորև:

«Այսօր (21.09.2012թ.) «Իրավունք» թերթում լույս տեսած «Մենք ՀՀԿ-ի հետ մրցակցության մեջ չենք» վերնագրով հրապարակման առնչությամբ, ինչպես նաև վերջերս տարբեր էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներում ոչ լիարժեք արտաբերված մեկնաբանությունների, կամ խեղաթյուրումների առթիվ հայտարարում ենք` լրագրողների բոլոր տեսակի հարցադրումներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համատեղ, մասնակի կամ ամբողջական կառավարում ստանձնելու հավանականության հետ կապված տրվել է և տրվում է մեկ պատասխան, այն է՝ միշտ պատրաստակամություն ենք հայտնել պատասխանատվություն ստանձնելու և իրականացնելու մեր ընտրողներին տրված խոստումները այն պարագայում, եթե հնարավորություն ունենանք իրականացնելու մեր սեփական քաղաքականությունը, շարժվել մեր ուրույն կուրսով և եթե կաշկանդված չլինենք մեզ առաջարկվող կամ հրամցվող որևէ նախապայմանով կամ պարտադրանքով: Ցանկացած այլ ինտրիգ առաջացնող, ենթատողեր պարունակող ու մեր դիրքորոշման վրա ստվեր նետող ձևակերպումներն ընդունելի չեն»:

Մեկնաբանել