Հանրապետական մաղթանք Մայր Աթոռում

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության 21-ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանքի արարողություն` Գարեգին երկրորդ Ամենայն կաթողիկոսի հանդիսապետությամբ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

Եկեղեցականների թափորը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցել է Մայր տաճար, որտեղ Իջման Սբ. Սեղանի առջև կատարվել է գոհաբանական մաղթանք:

Արարողության ընթացքում սուրբգրային ընթերցումներից հետո Վեհափառ Հայրապետը ծնրադիր ընթերցել է «Գոհանամք զքէն» աղոթքը` Աստծուց հայցելով անսասանություն, պայծառություն ու բարօրություն հայոց անկախ պետության համար: Այնուհետև, եկեղեցական դասն օրհնությամբ մաղթել է, որ Աստված իր Ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի Հանրապետությունը:
Հանրապետական մաղթանքի ավարտին Նորին Սրբությունն իր պատգամն է բերել համայն հայ ժողովրդին: Անդրադառնալով անկախության 21 տարիների ընթացքում հայ ժողովրդի կրած դժվարություններին` Վեհափառ Հայրապետը նշել է, որ, հակառակ բոլոր փորձություններին, երբեք չընկճվեց հայորդու ազատատենչ ոգին, և հայ ժողովուրդը շարունակեց տոկալ հայրենիքի ու պետության համար իր պայքարում:

Վեհափառը հորդորել է չտկարանալ ներկայիս կյանքի դժվարությունների առջև, զորեղ պահել հողի ու հայրենիքի հանդեպ սերը, որն անպարտելի ուժ է և կարող` շենություն բերել մեր հայրենիքին, հայ օջախներին ու հայ կյանքին:

Մեկնաբանել