Հայաստանի պարտքի ընդհանուր պորտֆելը, ըստ ֆիննախի, այս պահին մեղմ է

2008-ի համեմատությամբ Հայաստանի պետպարտքի ծավալը եռապատկվել է։ Միջոցները, ըստ ֆինանսների նախարարության պետպարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի, ուղղվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա մեղմելու և տնտեսական ակտիվությունը բարձրացնելու նպատակներին։ «Եվ փառք Աստծո, որ մենք այդ միջոցները ներգրավելու հնարավորություն ունեինք»,- Սիվիլնեթի հետ զրույցում ասում է նա։

Մարգարյանի խոսքով՝ Հայաստանի պարտքի ընդհանուր պորտֆելն այս պահին մեղմ ու արտոնյալ պորտֆել է, որի միջին տոկոսադրույքը չի գերազանցում 2%-ը, իսկ միջին ժամկետայնությունը շատ բարձր է՝ 10 տարուց ավելի։ Ապագայում, նման արտոնյալ վարկեր ներգավելու հնարավորությունը աստիճանաբար նվազելու է՝ տնտեսության կայունացմանն ու զարգացմանը զուգահեռ, և ըստ Արշալույս Մարգարյանի, պետք է պատրաստ լինել շուկաներից միջոցներ ներգրավելու՝ կառավարության ֆինանսական կարիքները բավարարելու համար։

Անդրադառնալով Ռուսաստանից 2009թ. ներգավված $500 մլն վարկին, Մարգարյանը նշեց, թե այն ավելի ցածր տոկոսադրույք ուներ և ավելի արտոնյալ էր, քան այդ պահին Հայաստանը կարող էր ներգրավել շուկաներից։ «Հիմա մենք վճարում ենք 3,6-3,7%։ Եթե մենք դուրս գանք շուկա և տեղաբաշխենք արտարժութային պարտատոմսեր արտաքին շուկաներում, ապա 7,5-8% տոկոսադրույքով կներգրավենք միջոցները, ու դրանք ավելի կարճաժամկետ կլինեն»,- ասում է նա։ Այդուհանդերձ, Մարգարյանի խոսքով, Հայաստանի պարտքային պորտֆելում ամենաբարձր տոկոսադրույքներն այս պահին ռուսական միջոցներինն է, իսկ ընդհանուր պարտքի ավելի քան մեկ երրորդը լողացող տոկոսադրույքով է ներգրավված (ամերիկյան դոլարով վեցամսյա LIBOR), կան նաև վարկեր ներգրավված SDR-ով։

«Բոլոր վարկերի գծով տոկոսադրույքները կառավարվում են համապատասխան կառույցի կողմից և դրանց անցանկալի դինամիկայի դեպքում, խոսքը լողացող տոկոսադրույքների մասին է, կառավարությունը ի վիճակի է շատ արագ վերաձևակերպելու այդ պարտքերը և ֆիքսելու տոկոսադրույքները՝ հետագա մարումները ավելի բարենպաստ պայմաններով իրականացնելու համար»,- պարզաբանում է Մարգարյանը:

Կառավարության ներգրաված միջոցները կազմում են ընդհանուր պետական պարտքի 83%-ը, ինչը Մարգարյանի կարծիքով, բնական է։ «Իմ տեսանկյունից շատ ավելի կարևոր է, թե ինչ բեռ են առաջացնում այդ միջոցները պետական բյուջեի համար, թե ինչպես է կարողանալու կառավարությունը սպասարկել այդ վարկերը, թե որքան արդյունավետ է սպասարկելու այդ վարկերը՝ առանց վնասելու մեր ծախսային քաղաքականության հիմնական միջոցներին»,- նշում է նա:

Անդրադառնալով պետպարտքի սպասարկմանը, Մարգարյանը նշում է, որ վատ է, երբ կառավարությունը պարտքը սպասարկելու համար ստիպված է լինում կրճատել որևէ նպատակային ուղղության ծախսերը։ «Բարեբախտաբար մենք այդպիսի իրավիճակում չենք եղել և չենք էլ պատրաստվում լինել։ Պետբյուջեի ծախսային կառուցվածքը ոչ մի բացասական փոփոխություն չի կրում պարտքի սպասարկման ծավալների մեծացման հետևանքով»,- ասում է նա։

Ըստ նրա՝ կառավարությունը պատրաստվում է պահպանել պարտքի ցածր մակարդակը և չանցնել բեռի այնպիսի սահման, որը դժվարություններ կառաջացնի։ «Մենք նախապատվությունը տալիս ենք արտոնյալ պայմաններով վարկային միջոցներին, և ազատ փոխարկելի արտարժույթով ներգրավվող վարկերին։ Մենք նաև այդպիսի նպատակադրում ունենք, որ ներգրաված վարկերի միջին արտոնյալությունը կամ դրանցում դրամաշնորհների մասնաբաժինը պետք է լինի ոչ ցածր քան 30%-ը»,- ասում է նա:

Ըստ պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիրը 2013-2015-ի՝ պարտքի կառուցվածքում կառավարությունը ռազմավարական նպատակ է հռչակել աստիճանաբար ավելացնել ներքին պարտքի տեսակարար կշիռը: