Կատալոնիայի իշխանությունները սկսել են պատրաստվել Մադրիդից անկախացման

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը մերժել է Կատալոնիայի իշխանությունների՝ այս շրջանին ֆիսկալ անկախություն տրամադրելու պահանջը, հաղորդում է Euronews-ը։ Մադրիդի ընդունած որոշմանը Կատալոնիայում իշխող ազգայնականները մտադիր են պատասխանել շրջանային խորհրդարանի վաղաժամ ընտրությունների անցկացմամբ․ ընտրությունները փաստացի կդառնան ինքնավար համայնքի՝ Իսպանիայից անկախանալու վերաբերյալ հանրաքվե։

Իսպանիայի և Կատալոնիայի կառավարությունների ղեկավարներ Մարիանո Ռախոյի և Արթուր Մասի հանդիպումը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Ավարտվել է այն այնպես, ինչպես և կանխատեսում էին վերլուծաբանները․ Ռախոյը հրաժարվել է քննարկել Բարսելոնի հետ ֆիսկալ պակտի՝ կատալոնացիներին պետական գանձարան հարկային մուտքերի մակարդակն ինքնուրույն սահմանելու իրավունք տրամադրող փաստաթղթի ստորագրման հնարավորությունը։ Այդպիսի արտոնություններ ունի Բասկերի երկիրը, սակայն Մադրիդը դժվար կհամակերպվեր Կատալոնիային էլ դրանց տրամադրման հետ․ այսօր Կատալոնիան՝ որպես դոնոր-շրջան, տարեկան պետական գանձարան է վճարում €12-16 մլրդ-ով ավելի, քան հետ է ստանում։

Ի պատասխան՝ Արթուր Մասը Մարիանո Ռախոյին մեղադրել է «պատմական սխալ» գործելու մեջ։ Այժմ, ինչպես ակնկալվում է, Մասը կհայտարարի խորհրդարանի վաղաժամ լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Ըստ էության՝ քվեարկությունը կդառնա Իսպանիայի ամենահարուստ շրջաններից մեկի անկախության հարցով հանրաքվե։

Ակնկալվում է, որ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 25-ին կամ դեկտեմբերի 2-ին։ Նման շտապողականությունը, ինչպես նշում են վերլուծաբանները, պայմանավորված է ազգայնականների՝ հասրակաությունում բողոքի տրամադրությունների աճից օգտվելու ցանկությամբ․ սեպտեմբերի 11-ին Բարսելոնում տեղի էր ունեցել ժամանակակից Իսպանիայի պատմության ընթացքում Կատալոնիայի անկախության աջակցությամբ խոշորագույն ցույցը։ Բացի այդ՝ ընտրությունների անցկացումը արդեն երկու ամսից կխանգարի ստատուս քվոյի պահպանման կողմնակիցներին՝ սոցիալիստներին, հանրապետականներին և «ժողովրդականներին», իրականացնել որակյալ նախընտրական արշավ։ Արդյունքում համաձայն սոցիոլոգիական հետազոտության՝ ազգայնականները կկարողանան նոր գումարման խորհրդարանում ստանալ բացարձակ մեծամասնություն։ Իսկ դա ինանքվար համայնքի՝ Մադրիդից անկախացման հայտարարման ուղիղ ճանապարհ կբացի։