Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ կանենք, որ կրկին հաղթենք և ուրախացնենք երկրպագուներին

Սեպտեմբերի 23-ին Դոնեցկի «Դոնբաս արենա» մարզադաշտում միմյանց կհանդիպեն Ուկրաինայի ամենատիտղոսակիր թիմերը. գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Շախտյորը» կընդունի Կիևի «Դինամոյին»: Ուկրաինական կլասիկոյի մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին հաղորդում է «հանքափորների» պաշտոնական կայքը:

-Հենիխ, ՊՍԺ-ից կրած խոշոր հաշվով (4:1) պարտությունը հոգեբանորեն կճնշի՞ «Դինամոյին»:

-Կարծում եմ` ոչ: Սյոմինն այդ խաղին լավ կտրամադրի իր թիմին, քանի որ մեր հանդիպումները միշտ առանձնահատուկ են: «Դինամոյականներն» այդ հանդիպամանը կներկայանան սառը գլխով և բոլորովին այլ մտքերով:

-«Դինամոյի» հետ հանդիպումը լա՞վ միջոց է Չեմպիոնների լիգայից ներքին առաջնությանն անցնելու համար:

-Մեզ համար շատ կարևոր է «Դինամոյին» հաղթելը. «Դինամոն» մեր ամենասկզբունքային մրցակիցն է: Որքան հաճախ ենք հաղթում, այնքան բարձր է լինում թիմի տրամադրությունը, իսկ հաջորդ հանդիպմանը շատ ավելի լավ ենք նախապատրաստվում: Պարտությունից հետո չափազանց բարդ է վերականգնվելը, տարբեր մտքեր հանգիստ չեն թողնում:

-Մեկ ամսում 2 հանդիպում կիևցիների հետ: Չափից ավելի շատ չէ՞:

-Ոչ, ճիշտ հակառակը. որքան շատ լինեն նման հանդիպումներն, այնքան լավ: Միշտ է, որ բախտ չէ վիճակվում այդ մակարդակի թիմերի հետ խաղալ առաջնությունում:

-Մեկ շաբաթում սեփական մարզադաշտում 2 հանդիպում անցկացնելն էլ վատ չէ, այնպես չէ՞:

– «Դոնբաս Արենայում» խաղալը միշտ հաճելի է: Ամեն ինչ կանենք, որ կրկին հաղթենք և ուրախացնենք երկրպագուներին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com