Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Սերժ Ազատի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալական և տնտեսական ոլորտներում: Աճում է Ձեր երկրի հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում:

Գոհունակությամբ եմ նշում հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, կառուցողական բնույթը, որը լիովին հաստատվեց Մոսկվայում մեր վերջին հանդիպման ժամանակ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր պետությունների միջև ռազմավարական գործընկերությունը, ընդլայնել ԱՊՀ և ՀԱՊԿ ինտեգրացիոն մեխանիզմների շրջանակում արդյունավետ փոխգործակցությունը: Դա, անկասկած, համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների արմատական շահերին, ընթանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով:

Հարգելի՛ Սերժ Ազատի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

Մեկնաբանել