ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի ժողովրդավարացմանը. Օբամա

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, իմ ջերմագին բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և հայ ժողովրդին Սեպտեմբերի 21-ի ազգային տոնի առթիվ:

Հայաստանը թևակոխում է իր անկախության 22-րդ տարին, ինչը նշանավորվում է մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև ամուր ու տևական կապերով: Միացյալ Նահանգները հաստատակամորեն պատրաստ է աջակցել Հայաստանի շարունակական տնտեսական զարգացմանն ու ժողովրդավարացմանը և լիահույս է, որ առաջիկա տարիներին մեր սերտ գործընկերությունն առավել կընդլայնվի: Ժողովրդավարությունը, բարեկեցությունը և խաղաղությունը Ձեր երկրում խորացնելու մեր աշխատանքներից զատ՝ մեր համագործակցությունը ներառում է նաև համատեղ ջանքեր ընդդեմ համընդհանուր մարտահրավերների, և մենք խորապես արժևորում ենք Հայաստանի մասնակցությունն անվտանգությանն ուղղված միջազգային առաքելություններին Աֆղանստանում ու Կոսովոյում, որտեղ քաջարի հայ զինվորները ծառայում են ՆԱՏՕ-ի առաքելություններում՝ ամերիկյան ուժերի հետ միասին:

Ամերիկան նաև մեծապես հարստացել է հայկական ծագում ունեցող ԱՄՆ-ի քաղաքացիների ներդրումների շնորհիվ և այսօր՝ այս տոնի առիթով, մենք միասին նշում ենք նաև մեր ժողովուրդների միջև եղած երկարամյա բարեկամական կապերը:

Բոլոր ամերիկացիների անունից ես իմ սրտաբուխ շնորհավորանքներն եմ հղում այս կարևոր տոնի առթիվ»:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ևս շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին` Անկախության տոնի կապակցությամբ:

Մեկնաբանել