Բախումներ Սիրիայի ազատ բանակի և օտարերկրացի ջիհադականների միջև

Հալեպի Բայիդին թաղամասում թեժ բախումներ են ընթանում «սիրիացի ահաբեկիչների և օտարերկրացի ահաբեկիչների միջև, և ընդդիմադիր զինյալներն արդեն նահանջում են», հաղորդում է Սիրիայի իշխող կուսակցության «Ալ Բաաս» թերթը:

Ըստ պարբերականի` ընդդիմադիր զինյալները բարոյապես ընկճված են, որի պատճառով նրանցից շատերը փախչում են, ոմանք ձերբակալվում են, իսկ երբեմն միմյանց դեմ կռիվների մեջ են ներքաշվում կարծիքների և շահերի տարբերության պատճառով:

Սիրիայի պետական հեռուստաալիքն անցած շաբաթ հաղորդել էր, որ Հալեպի Կալլասե թաղամասում սպանվել է ավելի քան հարյուր աֆղանցի կռվող:

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ սաուդական «Ալ Ուատան» թերթի հաղորդմամբ` Սիրիայի ազատ բանակի ռազմական խորհրդի ղեկավար Գեներալ Մուստաֆա ալ Շեյխը հայտարարել էր, թե չեն թողնելու, որ Սիրիան նոր Աֆղանստանի վերածվի: Նա ասել էր, որ բոլոր օտարերացիները, որոնք Սիրիայում կռվում են, անգամ եթե նրանց նպատակը հեղափոխությանն օգնելն է, պատժվելու են որպես վարձկաններ՝ ՄԱԿ-ի 1989թ. օրենքների և Ժնևի պայմանագրերի համաձայն:

Նա զգուշացրել է բոլոր օտարերկրացի կռվողներին լքել Սիրիան, անկախ նրանից, թե նրանք որ կողմի համար են կռվում: Այս որոշումը չի տարածվում մարդասիրական, բժշկական, մանկավարժական, դեղորայքի և պարենավորման ապահովման համար աշխատող օտարերկրացիների վրա, ասել է Ազատ բանակի ղեկավարը:

Մեկնաբանել