«Հարսնաքար»-ի հրդեհը մարվել է

Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 37 հասցեում գտնվող վերջին շաբաթներին լուրերի առանցքում մնացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում բռնկված հրդեհն արդեն մարվել է:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում առկա տեղեկատվության՝ ահազանգը ստացվել է ժամը 16:50-ին անհայտ քաղաքացու կողմից։

Ռեստորանում այդ պահին հյուրեր չեն եղել, հրդեհամարման աշխատանքների ժամանակ կրակից վնասվել է մեկ փրկարար, ում տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկը տեղում է բուժօգնություն ստացել:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը, անմիջապես արձագանք են ստացել Երևան քաղաքի տարբեր վայրերում տեղակայված մարտական հաշվարկներ, և նրանք տեղ են հասել տարբեր ժամերի: Դեպքի վայրում, ընդհանուր առմամբ, աշխատել է վեց մարտական հաշվարկ:

Նախնական տեղեկություններով այրվել է «Հարսնաքարի» տանիքի մոտ 300 քառակուսի մետր տարածք: ԱԻՆ աշխատակիցը դիտարկել է. «300 ք/մ-ը մեծ մակերես չէ` զուտ հրդեհաշիջման աշխատանքների տեսանկյունից: Տեսնում եք, թե ինչ մեծ շինություն է»: