Անկախությանը և հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներ` Ռումինիայում

Հայաստանի Ազգային տոնի շրջանակում այսօր Բուխարեստի Հայոց մշակութային կենտրոնում բացվել է ցուցահանդես` նվիրված հայ գրատպության 500-ամյակին. այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքից:

Ցուցադրությունը կենտրոնացած էր Ռումինիայում հայ գրատպության պատմության, ինչպես նաև ռումին գրականության զարգացման մեջ հայերի ներդրման վրա: Հայ գիրքը մասնակցում է նաև նույն օրը Բուխարեստի Կարոլ Ա-ի անվան Կենտրոնական գրադարանում բացված Ստրադա դե Կ’Արտե գրքի մեկշաբաթյա փառատոնին, որտեղ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Վազգեն Վեհափառի Ավետարանի, «Ուրբաթագրքի», «Մատյան գիտության և հավատո» եւ Թեոդիկի «Տիպ և տառ» բարձրարժեք նմանահանումների կողքին ցուցադրված են Ռումինիայում հրատարակված հայալեզու, ռումիներեն և հունգարերեն հրատարակություններ:

Բուխարեստի Հայոց մշակութային կենտրոնում ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Ռումինիայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վալերիու Զգոնեան: Այնուհետև ռումինահայ հայտնի պետական-քաղաքական գործիչ, գրող, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հայերի անցած ուղին Ռումինիայում` ընդգծելով այն բարեբեր միջավայրը, որի շնորհիվ հայերը կարողացան լիովին ներգրավվել և մասնակցել ռումին գրականության առաջընթացին: Օրվա հիմնական բանախոս ակադեմիկոս Էուջեն Սիմիոնը նշել է այն վիթխարի ավանդը, որ հայերը ներդրել և այսօր էլ շարունակում են ներդնել Ռումինիայի զարգացման մեջ:

Այս առումով, Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն իր խոսքի մեջ բարձր է գնահատել Ռումինիայի արտաքին գործերի և մշակույթի, ինչպես նաև ազգային ժառանգության նախարարությունների պատրաստակամությունը, որոնք հավանություն են տվել հաջորդ տարի Ռումինիայում անցկացնելու ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված գիտական ու մշակութային միջոցառումներ: «Դրանք անց են կացվում Մշակույթի, գիտության ու կրթության ոլորտում համագործակցության միջկառավարական ծրագրի շրջանակներում, ինչը քաղաքական երկխոսության, Արևելյան գործընկերության և Սևծովյան ավազանի շրջանակներում գործակցությանը, միջազգային կառույցներում համագործակցությանը և տնտեսական հարաբերություններին զուգահեռ կարևոր գործիք ենք համարում Հայաստանի և Ռումինիայի միջև միջպետական հարաբերությունների խորացման և զարգացման առումով»,- ասել է Հայաստանի դեսպանը:

Հայաստանի Ազգային տոնին նվիրված միջոցառմանը ներկա էին նաև Ռումինիայի Սահմանադրական դատարանի նախագահ Աուգուստին, ԱԳՆ պետքարտուղար Դան Պետրեն, գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, քաղաքապետեր, հոգևոր պետեր, գործարար միջավայրի, մտավորական և ստեղծագործական շրջանակների դեմքեր, ինչպես նաև բազմաթիվ ռումինահայեր:

Մինչ այդ` սեպտեմբերի 14-ին, «Երևանը Գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաքի» շրջանակներում գրական-գեղարվեստական երեկո էր տեղի ունեցել Կոնստանցայում` ռումինահայ ճանաչված գրող և հրապարակախոս Պետրոս Խորասանջյանի մասնակցությամբ: Սեպտեմբերի 29-30-ին Կլուժում նույնպես նախատեսված են Հայկական մշակույթի օրեր, որոնց առանցքը կազմելու են հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցադրությունները և դասախոսությունները:

Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, դեսպան Գասպարյանի ստորագրությամբ, սեպտեմբերի 21-ին հոդված էր լույս տեսել Բուխարեստի Nine O’Clock անգլալեզու օրաթերթում: Հայաստանի դեսպանը հարցազրույցներ է տվել նաև ռումինական TVR1 հեռուստատեսության ծրագրերին: Հոկտեմբերի 6-ին նախատեսվում է դեսպան Գասպարյանի մասնակցությունը Ռումինական ռադիոյի Ճամփորդություն աշխարհի շուրջը մեկժամանոց հաղորդմանը, որի ընթացքում խոսվելու է Հայաստանի Ազգային տոնի, հայ-ռումինական հարաբերությունների, մշակութային ծրագրերի և Հայաստանի տուրիստական հնարավորությունների մասին:

Տոնի առթիվ ՀՀ դեսպանի անունով ստացվել են շնորհավորական ուղերձներ ռումին նախարարների, պետական, քաղաքական և հասարակական գործիչների, տեղական իշխանությունների ղեկավարների և անհատների անունից:

Մեկնաբանել