ՀԱԿ-ն Անկախության տարեդարձը նշում է Սարյանի պուրակում

ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձը նշելու համար Հայ ազգային կոնգրեսն ընտրել էր Երևանի Սարյանի պուրակը: Այստեղ էին ՀԱԿ ընդդիմադիր դաշինքի անդամներն ու համակիրները:

Շնորհավորանքներից հետո ՀՀՇ վարչության նախագահ, «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշել է. «Այսօր մենք ավելի շատ պայքարում ենք ոչ թե դրսի թշնամու դեմ, այլ` ներսի: Բայց մենք պետք է հասկանանք, որ նոր փուլ ենք մտել, և դա հաղթահարելը նորից մեր և մեր երեխաների ուսերին է: Հայաստանի անկախությունը պայքարող քաղաքացի է, ով հոգնեց՝ դավաճան է, ով խեղճացավ՝ դավաճան է, հույսով լեցուն` դեպի հաղթական անկախություն: Կեցցե՛ նա, ով անկախության համար այսօր էլ պայքարում է»,- ավելացրեց նա:

Իրավական պետության կերտման գործում չհոգնելու, չհուսահատվելու կոչ է արել ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի դիտարկմամբ` ժամանակն է անկախությունը լցնել բովանադակությամբ, այլապես «դա անիմաստ արժեք է»: «Հայ ժողովուրդը պետք է պայքարի: Ուղիղ 5 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը ենթադրում էր, թե գործերը վերջացրել է, պետականություն է կերտել, հաղթել Ղարաբաղյան պատերազմը, գլխավոր գործերն արված են և կարող է հանգիստ գնալ վայելել, այգեգործությամբ կամ իր գիտական աշխատանքներով զբաղվել: Բայց նա զգաց, որ այն արժեքները, որի համար պայքարել է, դրանք ավիրվել են, բովանդակազրկվել են»,- ասել է նա` հիշեցնելով, որ ուղիղ 5 տարի առաջ այս օրն է առաջին նախագահը վերադարձել քաղաքական պայքարի:

Մեծ ջանքեր գործադրելով և ավելի մեծ զոհողություներով հետևողական պայքարի կոչեր են արել նաև պատգամավորներ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել