Երեք թուրք գեներալները դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման

Ստամբուլի քրեական դատարանը պետական հեղաշրջման մեղադրանքով 20 տարվա ազատազրկման է դատապարտել երեք գեներալների. այս մասին հաղորդում է Itar-tass-ը: Դատավճիռն ընդունվել է շուրջ մեկուկես տարի ընթացող «Մուրճ» հեղաշրջման ծրագրի քրեական գործի շրջանակում:

Երկար տարիների ազատազրկման դատապարտվածներն են հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Իբրահիմ Ֆըրթընը, ռազմածովային ուժերի հրամանատար ադմիրալ Օզդեն Օրնեքը և Առաջին բանակի գեներալ Չեթին Դողանը: Սկզբում մեղադրող կողմը նրանց համար պահանջում էր ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով հանցավոր կազմակերպություն ստեղծելում: Այս գործով անցնում է ևս 11 գործող և պաշտոնաթող գեներալ, որ դատապարտվել են 18 տարվա ազատազրկման, 3-ը ազատազրկվել են 16-ական տարով, իսկ արդարացվել և ազատ է արձակվել 34 մարդ:

Այս գործով անցնում է ընդհանուր 365 մարդ, որոնցից 250-ը` կալանավորված է: Դատարանի որոշմամբ` նրանցից 330-ը մեղավոր է ճանաչվել: Տեղի հեռուստատեսությունը հաղորդում է, որ Թուրքիայի գոյության ընթացքում առաջին անգամ հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների նկատմամբ դատավճիռ է կայացնում ոչ թե զինվորական, այլ` քաղաքացիական դատարանը: Սակայն նշվում է, որ դատավճիռը կարող է փոփոխությունների ենթարկվել Գերագույն դատարանում հաստատվելու ընթացակարգում:

«Մուրճ» ծրագիրը մշակվել է 2003թ խորհրդարանական ընտրություններից հետո` զինված ուժերի 162 ներկայացուցչի մասնակցությամբ խորհրդի նիստում: Այդ ժամանակ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել էր ձայների 30%-ը, ինչը նրան հնարավորություն էր տալիս գերիշխող դիրք ունենալ խորհրդարանում: Համարվում է, որ «Մուրճ»-ի միջոցով հեղաշրջման փորձ պիտի արվեր ստամբուլյան մի շարք մզկիթներում պայթյուններ իրականացնելու միջոցով. դա պիտի որ հանգեցներ երկրում արտակարգ դրություն հայտարարելուն, ինչից հետո հանրապետության ղեկավարումը լիովին կլիներ ռազմական գործիչների ձեռքում:

Մեկնաբանել