ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը սպառել է իրեն. ԵԽԽՎ նախագահ

Սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը.տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից: Համաժողովին մասկացում էին 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը Աժ նախագահ Հովիկ Աբրահամայնը երկկողմ հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի եւ ԵԽԽՎ նախագահ  Ժան-Կլոդ Մինյոնի  հետ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանը, միջխորհրդարանական կապերին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Անդրադառնալով  Հունգարիայի իշխանությունների  կողմից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հունգարա-ադրբեջանական  գործարքը կարող է բացասաբար ազդել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային ողջ գործընթացի, այլեւ տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության վրա: Նրա խոսքով` միջազգային հանրությունը համարժեք արձագանք տվեց այդ փաստին: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ եթե նման արարքները ժամանակին չդատապարտվեն եւ կոնկրետ քայլեր չիրականացվեն, ապա կարող են կրկնվել:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը նույնպես կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Նա շեշտել է, որ Գերմանիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումը տարբեր ուղղություններով: Անդրադառնալով սաֆարովյան դեպքին` Բունդեսթագի նախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովին արդարացնելը և ազատ արձակելը: Նրա համոզմամբ` Եվրոպայում և աշխարհում չի կարող գտնվել մի երկիր և միջազգային կազմակերպություն, որ անընդունելի և դատապարտելի չհամարի այդ փաստը:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, երկուստեք կարևորվել Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը, որը Հայաստանի երիտասարդ սերնդի համար Գերմանիայի քաղաքական և տնտեսական համակարգին ծանոթանալու լավ  հնարավորություն է ընձեռում: 
  
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԵԽԽՎ նախագահ  Ժան-Կլոդ Մինյոնի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, քաղաքական դրական մթնոլորտը: Նա հատկապես առանձնացրել և հաջողված է համարել դատական համակարգում  և ոստիկանությունում իրականացված բարեփոխումները: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` Մինյոնը շեշտել է, որ այն պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: Նա առաջիկայում մտադիր է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մինյոնը կարծիք է հայտնել, որ ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը չի արդարացնում իր գոյությունը և սպառել է իրեն: ԵԽԽՎ նախագահի հետ համակարծիք է եղել նաև հանդիպմանը ներկա ԵԽԽՎ «Եվրոպական դեմոկրատներ» խմբի ղեկավար Բոբ Վալտերը : Սաֆարովի դեպքի առնչությամբ ԵԽԽՎ նախագահը նշել է, որ ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է կատարվածը: Ըստ Մինյոնի` Բյուրոյի պահանջով ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում կքննարկվի Սաֆարովի դեպքը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ նախագահին նրա հայտարարության համար: Հովիկ Աբրահամյանը ափսոսանք է հայտնել, որ իրադրությունը շարունակում է զարգանալ վտանգավոր ուղղությամբ և չնայած այն հանգամանքին, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտել է  կատարվածը, Ադրբեջանում նոր թափ է առել այդ մարդասպանի մեծարման և արդարացման գործընթացը: Նրա խոսքով` այլատյացության դրսեւորումները կարող են վարակիչ լինել: Ըստ ԱԺ նախագահի` դա ոչ միայն Հայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրն է, այլեւ միջազգային հանրության: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ նախագահի մոտեցումը 1416 բանաձևով նախատեսված ԼՂ հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի առնչությամբ: «Դուք  ԵԽԽՎ այն նախագահն եք, որ սթափ գնահատեցիք, թե ինչ վտանգ է պարունակում այն, և որ ժամանակավոր ենթահանձնաժողովը ոչ թե օգնելու էր մերձեցնել կողմերի դիրքորոշումը, այլ  կդառնար նաև փոխադարձ մեղադրանքների նոր հարթակ»,-եզրափակել է ԱԺ նախագահը:

Հանդիպմանը քննարկվել են այլ հարցեր ևս:Հովիկ Աբրահամյանը Ժան-Կլոդ Մինյոնին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ելույթով Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Օրվա ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: