Չինաստանը և Վենեսուելան միասին կշահագործեն ոսկու հանքավայր

Վենեսուելան և Չինաստանը ստորագրել են աշխարհում ոսկու խոշոր հանքավայրերից մեկի՝ Վենեսուելայում գտնվող «Լաս Քրիստինասի» շահագործման մասին համաձայնագիրը, հաղորդում է Associated Press-ը:

Համաձայնագիրը Վենեսուելայի կողմից կնքել են կառավարության պաշտոնական ներկայացուցիչները, իսկ Չինաստանի կողմից՝ China International Trust and Investment Corp. ընկերությունը:

Վենեսուլային նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ խոսքը ոչ միայն ոսկու, այլև պղնձի արդյունահանման մասին է: Հանքավայրի պաշարները, որոնք գտնվում են երկրի հարավային մասում՝ Բոլիվարի նահանգում, համաձայն գնահատականների, կազմում են մոտ 17 մլն ունցիա:

Բացի ոսկու հանքավայրերի շահագործումից՝ Չինաստանը կնքել է նոր պայմանագրեր վենեսուելական նավթի արդյունահանման շուրջ:

Հիշեցնենք, որ 2008թ. մայիսին Վենեսուելայի շրջական միջավայրի  և բնական ռեսուրսների պաշտպանության նախարարությունը հետ էր վերցրել «Լաս Քրիստինաս» ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան կանադական Crystallex International Corp. ընկերությունից, որը Վենեսուելայում աշխատել է շուրջ 16 տարի: Crystallex International Corp-ը, իր հերթին, խոստանում է դիմել միջազգային դատարան՝ հույս ունենալով որպես փոխհատուցում ստանալ 3,8 մլրդ դոլար: