Սեմինար Երևանում` նվիրված 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին

Սեպտեմբերի 21-ից 23-ը Երևանում անցկացվում է սեմինար` նվիրված 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին: Սեմինարին ներկա է նաև դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ժոզեֆ Մեյները. այս մասին տեղեկանում ենք Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը սեպտեմբերի 21-ին ընդունել էր դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ժոզեֆ Մեյների գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Երևան է ժամանել միջազգային դահուկային ֆեդերացիայի (ISF) առաջնորդների սեմինարի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նմանատիպ սեմինար առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Սեմինարի աշխատանքներին մասնակցում են 20 երկրների դահուկային սպորտի շուրջ 30 ներկայացուցիչներ, այդ թվում` սպորտաձևի միջազգային ֆեդերացիայի ղեկավարները:

Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանի նման արևաշատ երկրում փոքր-ինչ դժվար են զարգանում ձմեռային մարզաձևերը, սակայն նաև հույս է հայտնել, որ հետագայում սպորտաձևի նկատմամբ ցուցաբերվող համակարգված մոտեցմամբ հնարավոր է լուրջ ձեռքբերումներ արձանագրել:

ISF փոխնախագահը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և փաստել, որ այսօր Երևանում մեկնարկող սեմինարը կնպաստի Հայաստանում դահուկային սպորտի մասսայականացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության հեռանկարային բազմաթիվ այլ ծրագրեր:

Մեկնաբանել