Հայաստանում խրախուսվում են ժողովրդավարական արժեքները, Ադրբեջանում՝ ռասիզմն ու ֆաշիզմը. Շարմազանով

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է, որ անկախության ժամանակահատվածի վրա հայացք նետելով կարելի է տեսնել, որ այս 20 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև անդունդն ավելի է մեծացել:

Ալիևի այս հայտարարության կապակցությամբ կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանություն: Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբերությունը գնալով մեծանում է…

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատմամբ` Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանը՝ հորից որդի ժառանգաբար փոխանցվող ավտորիտար պետություն: Այսօր Հայաստանում խրախուսվում են ժողովրդավարական արժեքները, իսկ Ադրբեջանում՝ ռասիզմն ու ֆաշիզմը:

Ավելին` աշխարհի ամենաազդեցիկ երկրների ղեկավարները բարձր են գնահատում Հայաստանի իշխանությունների` տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը՝ միևնույն ժամանակ անխնա քննադատության ենթարկելով Ադրբեջանի ղեկավարի հակահումանիստական քայլը:

Մեզ համար հերոսներ են մեր շախմատի հավաքականի տղաները, իսկ նրանց համար` քնած զինվորին կացնահարողը:

Իսկապես տարբերությունը շատ մեծ է»: