Հայտարարություններն արդեն անարդյունավետ են, պատժամիջոցներ են պետք. Ն.Զոհրաբյան

Ադրբեջանական դասագրքերում առկա հայատյացության և ռասիզմի խայտառակ քարոզը Եվրոպան ոչ միայն պիտի հայտարարությամբ դատապարտի, այլև` գործուն քայլերով կանխի. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար պարոն Նիլս Մույհնիեկսին ուղղված նամակով Զոհրաբյանը բարձրացրել է ադրբեջանական դասագրքերում հայատյաց փաստերի առկայության վտանգի խնդիրը և նշել, որ ակնկալում է հանձնակատարի գնահատականն ու արձագանքը:

Նամակին կից Զոհրաբյանն ուղարկել է նաև կենսաբանության, պատմության դասագրքերից վերցրած բավական հաստափոր մի փաթեթ: ՍիվիլՆեթի խնդրանքով Զոհրաբյանը հիշեց օրինակներ: «Կենսաբանության դասագրքում այսպիսի մի օրինակ կա. ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները կորցնում էին իրենց ձեռքերն ու ոտքերը. հարց` նշել թե քանի ադրբեջանցի է հաշմանդամ դարձել հայերի ագրեսիայի արդյունքում: Եվս մեկը, կրկին կենսաբանության դասագրքից. երբ ադրբեջանցիները փախչում էին ագրեսոր հայերից վազքի ժամանակ նրանց սրտի զարկերն արագանում էին. հարց` նշել, թե րոպեում քանիսն էին ադրբեջանցի կնոջ ու երեխայի սրտի զարկերը»,- նշեց Զոհրաբյանը` դիտարկելով, որ սա ոչ միայն հակահայ քարոզչություն է, այլև` հակագիտական ուսուցում:

«Ես կցել եմ այդ օրինակներին ադրբեջանուհի Մարիամ Յունիշլեի բաց նամակը, ով տեսնելով իր որդու դասագրքերի այդ օրինակները, զարհուրել էր` թե ինչպիսի մարդ կարող է մեծանալ իր երեխան և նամակով դիմել նման պատկան մարմիններին, որ չի կարելի սերունդ դաստիարակել նման օրինակներով: Ադրբեջանցի մի լրագրող էլ նշում է, որ հայահայկական քարոզչություն են դարձել իրենց երկրի հեքիաթները: Ինչպե՞ս պատահեց, որ չարի և բարու հեքիաթային կերպարներով, սպիտակ ձիով, հերոսներով պատմություններին եկան փոխարինելու հային հրեշ ներկայացնող պատումները: Սա իրենք են ասում, նաև իրենք են ահազանգում»,- նշեց Զոհրաբյանը:

Այժմ Նաիրա Զոհրաբյանն սպասում է հանձնակատարի պատասխանին, սակայն կարծում է, որ Ադրբեջանն արդեն այնքան առաջ է գնացել իր գաղափարական քարոզչության մեջ, որ այլևս որևէ կերպ հնարավոր չէ նրա վրա ազդել հայտարարությունների մակարդակով, դատապարտող հաղորդագրություններով:

«Հանձնակատարը պարտավոր է արձագանքել և կարձագանքի, սակայն պետք է նշել, որ Սաֆարովի դեպքում էլ ստացվեցին կոշտ հայտարարություններ, և դա բնական է, քանի որ նման երևույթը խարխլում է եվրոպական արժեհամակարգը, սակայն ես ակնկալում եմ շատ ավելին: Միջազգային կառույցները պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեն` դիտարկելով, թե արդյո՞ք իրավունք ունի Ադրբեջանը լինել նման կառույցների անդամ: Պիտի կիրառվեն լրջագույն սանկցիաներ. այլևս ոչ մի հայտարարությամբ չես կանխի Ալիևին: Նա ցույց է տվել, որ թքած ունի միջազգային կարծիքի վրա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: