Սահմանվել են տեխզննության անցկացման սակագների առավելագույն չափերը

Այսօրվանից ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» կառավարության 2007 թ.-ի փետրվարի 15-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները և լրացումները. տեղեկանում ենք Փաստինֆո գործակալության կայքից:

Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է մինչև օրենքով սահմանված կարգով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տեխնիկական զննության անցկացման սակագների սահմանումն ու դրանք ուժի մեջ մտնելը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցկացնել հետևյալ գումարներից ոչ ավելի սակագներով` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

-թեթև մարդատար ավտոմոբիլներ` 8000 դրամ.

-մինչև 3500 կգ զանգվածով բեռնատար ավտոմոբիլներ և մինչև 17 նստատեղ ունեցող ավտոբուսներ` 10000 դրամ.

-3500 կգ-ից ավելի զանգվածով բեռնատար ավտոմոբիլներ և 17-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներ` 13000 դրամ.

-կցորդներ և կիսակցորդներ՝ 6000 դրամ.

-մոտոցիկլետներ և մոպեդներ՝ 6000 դրամ:

Կատարված փոփոխություններով նոր խմբագրությամբ է շարադրվել կառավարության հիշյալ որոշման N 1 հավելվածը, որով սահմանվում է ՀՀ-ում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը: Դրանով նախատեսված է, որ տեխզննության անցկացման գործունեության համար լիցենզիաները տրվում են անժամկետ:

Կառավարության հիմնավորմամբ, որոշման մեջ կատարված փոփոխությունները և լրացումները բխում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներից և նպատակ են հետապնդում ազատականացնել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը:

Մեկնաբանել