Վրաստանի, Ուկրաինայի, Կատարի և Չինաստանի նախագահները ևս շնորհավորել են ՀՀ Անկախության տոնի առթիվ

ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Հանրապետության նախագահին տոնի առթիվ շնորհավորել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Կատարի Պետության նախագահ էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա ալ-Թանին և Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Հու Ձինթաոն:

Հու Ձինթաոյի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Թույլ տվեք Չինաստանի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բարեկամ Հայաստանի ժողորվրդին հղել սրտանց շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ:

Որպես Հայաստանի մեծ բարեկամ և գործընկեր, չինական կողմը ուրախ է, որ այսօր Հայաստանում տիրում է քաղաքական և հասարակական կայունություն, տնտեսությունն անընդմեջ զարգանում է, ժողովրդի կենսամակարդակն օրեցօր բարձրանում է, անշեղորեն ընդլայնվում են արտաքին կապերը, մեծ հաջողությունների եք հասել երկրի կառուցման գործում: Չինական կողմը, ինչպես նախկինում, կհարգի իր երկրի առանձնահատկություններին համապատասխան հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղին և սրտանց ցանկանում է հայ ժողովրդին նորանոր հաջողություններ երկրի զարգացման գործում:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերություններն անընդմեջ կայուն զարգացում են ապրում: Կողմերի միջև պահպանվում են բարեկամական կապերը, անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, խորանում է փոխշահավետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում, պահպանվում են սերտ կապերը և փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում, արդյունավետորեն պաշտպանվում են սեփական և համատեղ շահերը: Այս տարի նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, երկկողմ հարաբերություններում առկա են մեծ հեռանկարներ: Ես պատրաստ եմ Ձերդ գերազանցության հետ ներդնել բոլոր ջանքերը հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում և հզորություն, ժողովրդին՝ երջանկություն:

Ցանկանում եմ քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ»: