Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 23-րդ տուրում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ առավելության հասավ մայրաքաղաքի մեկ այլ թիմի` «Բանանցի» նկատմամբ` Դավիթ Մանոյանի խփած միակ գոլի շնորհիվ:
22-ամյա կիսապաշտպանը, ով Սարգիս Հովսեփյանի` կարիերան ավարտելուց հետո այս խաղում ստանձնել էր ավագի պարտականությունները, խփած գոլը նվիրեց մտերիմ ընկերոջը` ազգային հավաքականում իր խաղընկեր Լևոն Հայրապետյանին:
Մեր մարզական գործընկեր SportArmenia-ի հետ զրույցում Դավիթը մեկնաբանեց «Հանրապետական» մարզադաշտում կայացած մրցավեճը.
-Խաղի սկիզբը լավ էր դասավորվել մեզ համար, բայց գոլ խփել չէր ստացվում, ինչից հետո գործը դժվարացավ: Մրցակիցն առաջին խաղակեսում մի քանի պահեր ունեցավ: Բայց երկրորդ խաղակեսում գոլից հետո արդեն մեզ համար ամեն ինչ ավելի հեշտացավ: Սակայն մինչև այդ էլ մենք ավելի շատ էինք գնդակով ու ավելի շատ պահեր ունեինք:
-1:0 հաշիվն օրինաչա՞փ էր:
-Այո, թեև այս արդյունքն ինձ համար այդքան էլ լավ արդյունք չէ, քանի որ շատ պահեր ունեինք, որ պետք է իրացնեինք:
-Սարգիս Հովսեփյանի հեռանալուց հետո ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկար: Պատասխանատվությունը ճնշո՞ղ չէր:
-Չէ, ճնշող չէր: Իմ գործն է` կենտրոնանալ խաղի վրա ու մտածել ինչպես անել, որ թիմը հաղթի` անկախ նրանից թևկապն իմ ձեռքին է, թե մեկ ուրիշի: Բայց և մեծ պատիվ էր ինձ համար Սարգիսի հեռանալուց հետո այդ պարտականությունները կատարելը:
-Իսկ փորձառու պաշտպանի բացակայությունը շա՞տ էր զգացվում, թե՞ երիտասարդ փոխարինողներին հաջողվեց լրացնել այն:
-Այս խաղում նրա բացակայությունը շատ չէր զգացվում, քանի որ մենք ունենք լավ կադրեր: Կամոն լավ խաղ անցկացրեց երեկ: Սակայն ավելի բարդ մրցակցի դեմ մրցավեճում նրա պակասը կարող է զգացվել:
-Դարձար հաղթական գոլի հեղինակ, որն առաջինն էր քո վերադարձից հետո… Զգո՞ւմ էիր, որ այսօր հաջողությունը քո կողմն է լինելու:
-Բացի վերադարձից, ընդհանրապես առաջնությունում սա իմ առաջին գոլն էր: Չէի զգում, բայց շատ էի ցանկանում գոլ խփել…
-Եվ նախապատրաստվել էիր` շապիկիդ բարեմաղթանք գրելով ընկերոջդ: Ինչպե՞ս արձագանքեց Լևոնը:
-Նա նայել էր խաղը, նույն խոսակցական ոճով շնորհակալություն հայտնեց (ծիծաղում է): Եթե բառացի թարգմանենք գրածը` «Get well soon, bro», ստացվում է` «Շուտ լավացի, ախպերս»:
–Վերհիշենք գոլային պահը. այդքան էլ բարձրահասակ չլինելով` դու կարողացար գլխով գրավել դարպասը:
-Բարձրահասակ լինել-չլինելն այդքան էլ կապ չուներ: Պարզապես լավ դիրքում էի ու փոխանցումից հետո առաջինը ես հասա գնդակին:
-Ասուլիսի ժամանակ Չախալյանն նշել էր, որ քո խաղը դու դեռ չես վերգտել… Ինչպե՞ս կմեկնաբանես:
-Համամիտ եմ, քանի որ հիմա ես ավելի շատ էպիզոդներով եմ խաղում: Խաղի մի հատվածը կարող էր լավ ստացվել, հետո չգիտեմ ինչ-ինչ պատճառներով վատ հատված ունենայի: Բայց դա ես ավելի շատ կապում եմ ոչ թե խաղային պրակտիկայի բացակայության հետ, այլ միգուցե, որ շուտ եմ վնասվածքներ ստանում խաղի ընթացքում:
-Դավիթ, այս հաղթանակը թույլ տվեց վերջապես առաջ անցնել«Գանձասարից», և այժմ 4 միավորով եք զիջում 3-րդ տեղով ընթացող«Իմպուլսին», որի հետ էլ հանդիպելու եք հաջորդ տուրում…
-Այդ մասին մարզիչներն արդեն խոսել են մեզ հետ: Ամեն ինչ պետք է անենք առաջ անցնելու համար, սա մեզ համար լավ շանս է ու այդ 4 միավորը կրճատելու լավ հնարավորություն: Մինչև խաղը դեռ երկար ժամանակ կա, պետք է պատրաստվենք ու հաղթանակի համար անենք ամեն ինչ: