Եվրոպայի կենսական ֆրանսիական կապը

Եվրոպական Միության և եվրոգոտու ապագայի շուրջ բանավեճում Գերմանիան մշտապես կենտրոնական տեղ է զբաղեցնում: Այն Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն է, որին բաժին է ընկնում եվրոգոտու ՀՆԱ-ի 28%-ը և բնակչության 25%-ը: Ներկայում Գերմանիան արտաքին հաշվեկշռի հավելուրդ ունի, որն ավելի մեծ է, քան Չինաստանինը, որինը բացարձակ թվով աշխարհում ամենամեծն է: Եվ չնայած որոշ հարցերում բացարձակ մեծամասնությունը կարող է մերժել Գերմանիային, բոլորն էլ գիտակցում են, որ եվրոգոտում հազիվ թե հնարավոր լինի ինչ-որ բան անել առանց Գերմանիայի համաձայնության:

Թեև Գերմանիայի դերի նման շեշտադրումը արդարացված է, այդուհանդերձ այն չպետք է հանգեցնի Ֆրանսիայի կրիտիկական դերի թերագնահատմանը: Ֆրանսիան եվրոգոտու ՀՆԱ-ի շուրջ 22% մասնաբաժնով և բնակչության 20%-ով զիջում է միայն Գերմանիային: Բացի դրանից՝ եվրոգոտում ամենաառողջ ժողովրդագրական վիճակը հենց Ֆրանսիայում է, այն դեպքում, երբ հաջորդ տասնամյակի ընթացքում Գերմանիայի բնակչության թիվը նվազելու է:

Ֆրանսիայի կրիտիկական դերը միայն նրա չափերով չի արտահայտվում: Եվրոպայում արդյունքների վրա ազդեցություն ունենալու առումով Ֆրանսիան նույնքան կարևոր դեր է խաղում, որքան Գերմանիան՝ երեք պատճառով:

Նախ՝ Ֆրանսիան հյուսիսային և հարավային Եվրոպաների միջև վարկատուների և վարկառուների միջև տնտեսական և ֆինանսական աճող անջրպետի անքակտելի օղակ է (անջրպետ, որն սկսել է կուլտուրական նշանակություն ձեռք բերել): Ֆրանսիան, ակտիվ լինելով, կարող է կամրջի դեր խաղալ, եթե օգտագործի Գերմանիայի հետ իր սերտ հարաբերությունների հանգամանքը (բարեկամություն, որը Եվրոպական Միության հիմնասյուներից մեկն է) և Միջերկրականի հետ իր մերձությունն ու կուլտուրական կապերը:

Ընթացիկ հաշվեկշռի պակասուրդի առումով Ֆրանսիան «հարավային» է, բայց «հյուսիսային» է փոխառությունների առումով (Գերմանիայից մի քիչ է ավելի), որը մասամբ պայմանավորված է դեպի հարավ կապիտալի հոսքով, ինչպես նաև թեկուզ համեստ, բայց տնտեսական աճով: Ավելին՝ ֆրանսիական ակտիվների «արժեզրկման» առումով ընկալելի ռիսկեր չկան՝ հաշվի առնելով շուկաների վստահությունը, որ Ֆրանսիան հավատարիմ կմնա եվրոյին: Այսպիսով, չնայած Ֆրանսիան առերեսվում է լուրջ տնտեսական մարտահրավերների, հյուսիսային և հարավային առանձնահատկությունները նրան թույլ են տալիս ակտիվ դեր խաղալ եվրոպական նախագծի գոյատևման համար:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այդ դերի բավական հաջող վերագնահատում է արել՝ իր նախագահության առաջին իսկ օրը Բեռլինում հանդիպելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ մեկ ամիս անց՝ Հռոմում մասնակցելով Իտալիայի և Իսպանիայի վարչապետների հետ մեծ ուշադրության արժանացած հանդիպմանը: Իսկապես որ, նա ղեկավար դեր ստանձնեց՝ «աճի պակտը» գումարելով «կայունության պակտին», որը քննարկվել էր Մերկելի ղեկավարությամբ:

Երկրորդ՝ Ֆրանսիան ձախակենտրոն նոր կառավարության ղեկավարությամբ պետք է ի ցույց դնի, որ սոցիալական ամուր համերաշխության զուգորդմամբ շուկայական տնտեսության զարգացման «Եվրոպական մոդելը» կարելի է բարեփոխել ու ամրապնդել և ոչ թե հրաժարվել դրանից ոչ միայն Եվրոպայի պրագմատիկ հյուսիսում, այլև աշխարհամասի ավելի գաղափարական հարավում: Ֆրանսիացի սոցիալիստները չեն հրաժարվի իրենց ավանդական պարտավորություններից, նրանք դա պետք էլ չէ որ անեն: Սակայն այժմ նրանք հնարավորություն ունեն իրենց ներդրումն ունենալու եվրոպական մոդելի վերականգնման գործում:

Օլանդի ղեկավարությամբ Ֆրանսիայի սոցիալիստները աջակցում են այդ վերականգնմանը սոցիալական երկխոսության միջոցով, որն ավելի շուտ համոզում է, քան պարտադրում, որը կենտրոնանում է ինչպես եկամուտները չափելու, այնպես էլ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու վրա, և որը կարող է առաջնորդվել հյուսիսային Եվրոպայի «ճկուն» (flexicurity) ռազմավարություններից մեկով, որոնք աշխատաշուկայի մեծ ճկունությունը համադրում են սոցիալական ամուր պաշտպանության հետ: Բարեփոխումները պետք է նաև ավելի շատ անհատական այլընտրանքի հնարավորություն տան, որը լուծումներ կառաջարկի թոշակի անցնելու, կրթության, առողջապահության և կենսակերպի հետ կապված խնդիրներում, և որոնք ավելի կոնկրետ կհամապատասխանեն մարդկանց հատուկ պահանջներին և հանգամանքներին:

Օլանդի կառավարությունը և վարչապետ Ժան-Մարկ Այրոն ուժեղ մեծամասնություն ունեն գործադիր և օրենսդիր բոլոր մակարդակներում, որը նրանց գործելու բացառիկ հնարավորություն է տալիս: Եթե Օլանդի կառավարությունը կարողանա եվրոպական մոդելը վերականգնել երկրի ներսում, այն ի վիճակի կլինի այդ հաջողությունը շատ ավելի լայնորեն փորձարկելու հատկապես հարավային Եվրոպայում՝ դրանով իսկ ամրապնդելով Եվրոպական Միության նկատմամբ վստահությունն ու հավատը, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում: Ֆրանսիացի ձախ կենտրոնամետները պետք է ստանձնեն Եվրոպայի այն տեսլականի ձևավորման գործը, որի պարագայում համերաշխությունն ու արդարությունը կամրապնդեն տնտեսական երկարաժամկետ հզորությունը:

Վերջապես, եվրոպական երկրների շարքից ինչպես Մեծ Բրիտանիան, այնպես էլ Ֆրանսիան շարունակում են ավելի մեծ համաշխարհային դեր խաղալ, քան Գերմանիան: Թեև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր կառուցվածքով հնացած է, այն նախկինի պես լեգիտիմություն հաղորդող կարևոր դեր է խաղում, և հենց Ֆրանսիան, ոչ Գերմանիան Անվտանգության խորհրդի մշտական անդամ է: Միջազգային շատ այլ կազմակերպություններում նույնպես Ֆրանսիան ավելի մեծ դեր ունի:

Նույն կերպ, թեև Ֆրանսիան Եվրոպական Միությունից դուրս Գերմանիայից նշանակալիորեն քիչ է արտահանում, սակայն ֆրանսիական բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ տեխնիկական նորամուծությունների գլոբալ տարածման գործում գերմանական ընկերությունների մրցակիցներն են: Իսկ ֆրանսերենը նախկինի պես համարվում է համաշխարհային լեզու: Այլ կերպ ասած՝ Ֆրանսիան ոչ միայն հյուսիսային և հարավային Եվրոպաները կապող օղակ է, այլև նշանակալիորեն նպաստում է Եվրոպայի՝ մնացյալ աշխարհի հետ կապերին:

Եվրոպային նոր տեսլական է պետք և այդ տեսլականն իրագործելու արդյունավետ քաղաքականություն: Ֆրանսիայի սոցիալիստ-կանաչ կառավարությունը կարող է խաղալ կրիտիկական այդ անհրաժեշտ դերը այժմ, երբ եվրոպացիները առերեսվել են տասնամյակներ ի վեր իրենց նետված ամենամեծ մարտահրավերին: Դրա հաջողությունը մեծ ազդեցություն կունենա հատկապես քաղաքական այն բանավեճերում, որոնք կազդեն Գերմանիայում 2013թ. կայանալիք ընտրությունների արդյունքների վրա:

Քեմալ Դերվիշ