Ինչպես վերաբնակեցնել և վերականգնել Քաշաթաղն ու Քարվաճառը

Մռավի լեռներից մինչև Արաքս ընկած տարածքների՝ Քարվաճառի (Նոր Շահումյան) և Քաշաթաղի շրջանների վերականգնումն ու վերաբնակեցումը պետք է լիներ Հայաստանի ու Արցախի իշխանությունների, ինչպես նաև Սփյուռքի առաջնահերթ նպատակներից: Այդ տարածքները Խորհրդային Միության տարիներին եղել են Ադրբեջանի կազմում և միմյանցից անջատել են Հայաստանն ու Արցախը: Ազատագրումից հետո անցել է գրեթե երկու տասնամյակ, սակայն Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում, որոնք միասին ավելի քան 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք են զբաղեցնում, բնակվում է ընդամենը 12-13 հազար հայ: Ընդ որում, այս թիվը, որոշ տատանումներով, անփոփոխ է արդեն ավելի քան տասը տարի: Անցնող տարիների հետ համեմատ, որոշակի, նույնիսկ ակնհայտ դրական փոփոխություններ կան այդ շրջանների վերականգնման հարցում: Նրանք, ովքեր առաջին անգամ են այցելում Քարվաճառ և Քաշաթաղ, նախ և առաջ ուշադրություն են դարձնում հրաշալի բնությանն ու ավերակներին, որոնք մնացել են պատերազմից հետո: Նրանք, ովքեր երկրորդ անգամ կամ հաճախ են այցելում այդ շրջաններ, տեսնում են նաև դրական փոփոխություններ, թեև գերիշխողը շարունակում են մնալ հրաշալի բնությունն ու ավերակները:

Սեպտեմբերի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղ այցելեցին Լիբանանի «Արցախ» ֆոնդի և ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերության ավելի քան 50 ներկայացուցիչներ: «Արցախ» ֆոնդը Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում արդեն հինգ տարի մեկ կթու կով է նվիրում բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնվում է երրորդ և հաջորդ երեխան: ԱՐԻ ընկերությունը ցածր տոկոսներով, երկարաժամկետ և առանց գրավի վարկ է տրամադրում գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ զբաղվող ընտանիքներին: 2009-ի օգոստոսին «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչներն ու լիբանանահայ մի քանի տասնյակ գործարարներ, որոնք մեկ տարի անց՝ 2010-ին հիմնադրեցին ԱՐԻ-ն, այցելել էին Քաշաթաղ: Ինչպես երեք տարի առաջ, այնպես էլ այս անգամ տունդարձի ճանապարհին ես լիբանանահայ գործարարներին հարցրեցի իրենց տպավորությունների, ակնկալիքների ու հեռանկարների մասին:

«Արցախ» ֆոնդի ատենապետ Մելքոն Հակոբյանը բազմաթիվ անգամ այցելել է Քաշաթաղ ու Քարվաճառ: Պետք է ասել, որ ԱՐԻ-ի ստեղծման ակունքներում «Արցախ» ֆոնդն է եղել: Երբ  «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչները կովեր բաժանելու նպատակով այցելում էին ազատագրված տարածքներ, համոզվում էին, որ բարեգործությունից բացի անհրաժեշտ է վերաբնակիչներին օգնել նաև մնայուն աշխատանք ունենալու հարցում: Ոչ միայն մարդուն ձուկ տալ, այլ նաև կարթ, որպեսզի ինքը որսա իր ձուկը: «Այս այցելության ընթացքում մենք նկատեցինք, որ ժողովրդի կենսամակարդակը բարձրացել է, պետությունը ամրապնվում է: Բավական մեծ տարբերություն նկատեցինք: Իր կղզիացած վիճակից դուրս հանելու և Արցախը ճանաչումի հասցնելու ճիգը պահանջում է, որ մենք շատ ավելին անենք», ասում է Մելքոն Հակոբյանը:

ԱՐԻ-ի բաժնետեր Գրիգոր Դաքեսյանը նախկինում եղել էր Արցախում, սակայն առաջին անգամ էր այցելում Քաշաթաղ ու Քարվաճառ: «Մենք շփվեցինք գյուղացիների հետ, նրանց մեջ տեսանք բարձր տրամադրություն, իրենց տներում մնալու կամք: Նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ հանդիպումները մեր վրա թողեցին բարձր տրամադրություն: Ազատագրված տարածքները՝ Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները վերաբնակեցնելը մեր գերխնդիրը պիտի դառնա: Վերաբնակեցումը պետք է դառնա ռազմավարություն», համոզված է Գրիգոր Դաքեսյանը:

ԱՐԻ-ի և «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչներից Բեն Բչաքչյանը լավատեղյակ է ազատագրված տարածքներում տիրող կացությանը, այնքան հաճախ է այցելում Քաշաթաղ, որ տեղի բնակիչներին մի մասին արդեն գիտի անունով: «2009-ին, երբ այցելեցինք, մեր ծրագրերը սաղմնային վիճակում էին: Տակավին ԱՐԻ-ին չէր ստեղծվել: ԱՐԻ-ն մեր այցելության արդյունքը եղավ: Այս այցելության ընթացքում ուղղակի շփումների մեջ մտանք վարկառուների հետ, հարցրեցինք, թե իրենք դժվարություններ ունե՞ն գումարները հետ վերադարձնելու հարցում, մեզ ուղղված այլ հարցեր ունե՞ն: Պետական օղակների մոտ կա ավելի լուրջ մոտեցում այս մոդելի հանդեպ: Այս եռանկյուն փոխգործակցությունը, որ կա ներդրողի, վարկառուի՝ վերաբնակիչ, և պետության միջև, լավ օրինակ է, որտեղ բոլորն էլ շահելիք ունեն, սա win-win իրավիճակ է: Վարկավորման այս մոդելը գրավիչ է, տրամադրություն կա սփյուռքի այլ համայնքերում էլ օգտագործել և նոր ներդրողներ ներգրավել: Ե´վ նախագահը, և´ վարչապետը մտադիր են այս հարցում օժանդակել և համագործակցել մեզ հետ: Ժողովրդի սոցիալական իրավիճակի բարելավում կա, ճիշտ է՝ մեր ուզած մակարդակին չէ, բայց բավական բան է փոխվել», ասում է Բեն Բչաքչյանը:

Ստեփան Տեր-Պետրոսյանը ևս «Արցախ» ֆոնդի ու ԱՐԻ-ի ներկայացուցիչներից է: Նա, համեմատելով 2009-ին իր տեսածի հետ, ասում է, որ ժողովրդի տնտեսական կյանքում այսօր  առաջխաղացում կա, մարդկանց պարտեզները ավելի շատ են մշակված, ցանված արտերն են ավելի շատ: «2009-ին առաջին այցն էր, մենք ոգևորված էինք, բայց չգիտեինք՝ այն ինչ ծրագրել ենք, հաջողությա՞մբ է ավարտվելու, թե՞ ոչ: Այն մարդիկ, ովքեր օգտվել են մեր վարկերից, շատ դրական են ընկալել վարկավորման այս ձևը: Սա իրենց օգտակար է եղել, հոգեբանորեն նրանց բերել է նոր ներուժ: Շատ ավելի մեծ թիվ կա մարդկանց, ովքեր դեռ չեն օգտվել վարկերից: Պետք է հնարավորություն տալ, որ նրանք էլ կարողանան օգտվել: Այցը ավելի ամրացրեց մեր կամքը, որ անպայման շարունակենք մեր աշխատանքը», ասում է Ստեփան Տեր-Պետրոսյանը:

Սարգիս Պարմաքսզյանը դեռևս ԱՐԻ-ի վարկատու չէ, սակայն մտադիր է մաս կազմել: «Մեր պտույտի ընթացքում կարևոր բանը, որ նշմարեցի, բնակչության խտության պակասն է: Առաջին հերթին պետք է մարդուժ: Այս տարածքները պետք է վերաբնակեցվեն: Մարդուժը ավելանալու դեպքում է, որ նախագծերը կհաջողեն», նկատում է Սարգիս Պարմաքսզյանը:

ԱՐԻ-ի գործադիր տնօրեն Սուրեն Սարգսյանի համար ևս ամենալուրջ հարցը բնակչության սակավությունն է: «Ի՞նչպես կարելի է Քաշաթաղի նման սքանչելի հողը վերաբնակեցնել լավ թվով ժողովրդով, որպեսզի մի օր բանակցությունների ժամանակ մեզ չասեն, որ մինչև այսօր տասը հազար մարդ ունեք այնտեղ, ոչ դպրոց եք կառուցել, ոչ տներ, ապրելու հարմարություններ չեք շինել, ձգեցեք այս հողը: Ավելի քան հիսուն գյուղ կա Քաշաթաղում, այդ գյուղերը դեռ խեղճուկրակ վիճակում են: Այս գյուղերին ճանապարհներ են պետք, որ միմյանց հետ կապվեն: Պետք է բնակչությունը շատացնել: Մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում անասնապահությունը և հողագործությունը, բայց սրանից զատ, եթե ԱՐԻ-ի գծով պիտի ներդրումներ անենք, ապա մենք պետք է մեր կարկինը ավելի լայն բացենք և ունենանք թեթև ճարտարարվեստներ: Այն, ինչ ստացվում է գյուղատնտեսությունից և անասնապահությունից, պետք է պահածոների վերածել և հանել վաճառքի», ասում է Սուրեն Սարգսյանը: 

ԱՐԻ-ի բաժնետեր Ալեքսան Սուսանին առաջին անգամ էր այցելում Քաշաթաղ ու Քարվաճառ: «Քիչ մարդ է ապրում այս հողերում, մայր Հայրենիքդ է, սիրտդ է ցավում: Պետք է ոչ թե մարդկանց միայն օգնել, այլ տանել սովորեցնել նրանց և հետ բերել: Պետք է մարդկանց արհեստ սովորեցնենք: Մեկ անձը սովորեցնես, այստեղ տասը մարդ կաշխատեցնի: Իհարկե, կարևոր է վարուցանքի աշխատանքը: Հարստություն կա, շատ գործեր կարելի է անել: Պետք է մտածել արտադրություն դնելու և այդ արտադրանքը դուրս տանելու մասին: Շատ բաներ կան, որ կարելի է դրսում վաճառել: Նուռի և հոնի հյութը դրսում շատ պահանջված են», ասում է Ալեքսան Սուսանին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի ատենապետ Սարգիս Արմենյանը նախկինում մի քանի անգամ եղել է Արցախում, բայց առաջին անգամն էր այցելում ազատագրված տարածքներ: «Արցախ մեր նախորդ այցերի ժամանակ մեզ ցույց էին տվել հիմնադրամի կատարած աշխատանքները, նախագծերը: Մենք չէինք տեսել այն աղքատությունը, որ կա այս՝ Քաշաթաղի և Նոր Շահումյանի շրջաններում: ԱՐԻ-ի տղաները շատ գնահատելի գործ են անում, ես էլ եմ փափագում լինել ԱՐԻ-ի բաժնետեր և ինչու չէ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի  շրջանակներում փորձել տարեկան մի քանի հարյուր հազար դոլարով մասնակցություն բերել այս շրջանների վերականգնմանը», ասում է Սարգիս Արմենյանը:

ԱՐԻ-ի բաժնետեր Դրո Մանդալյանի կարծիքով՝ ամենագլխավորն այն է, որ մարդիկ ազատագրված տարածքներում գործ ունենան: «Հենց որ մարդ գործ ունենա, իր խուցը՝ ընտանիքը կկազմի, կկապվի հողին: Նախ և առաջ պետք է սկսել վաճառականական և արհեստավորական գործերից: Վաճառականական մտածելակերպը զորացնելու կարիքը կա: Պարզ օրինակ տամ. մի տեղ մեզ ասացին, որ մեղվաբուծության մեջ հաջողություններ ունեն, այդ անձը միայն խոսքով մեզ ասաց, որ ինքը լավ մեղր ունի, բայց ոչ գործով: Եթե մի կիոսկ լիներ, այնտեղ ցուցադրեր իր մեղրը՝ առանց մեզ բացատրելու, որ լավ մեղր է, մենք կգնեինք: Այդտեղից է սկսում վաճառականությունը», ասում է Դրո Մանդալյանը:

ԱՐԻ-ի բաժնետեր Սերժ Չուխադարյանը նկատել էր, որ Քաշաթաղի և Քարվաճառի բնությունը հարուստ է, հատկապես առատ են ջրերը՝ գետերը: «Ջուրը շատ կարևոր է, այլ երկրներում ջրի համար պատերազմում են: Կարելի է գյուղատնտեսությունը զարգացնել, պետք է ուսումնասիրություն կատարել, թե որ ճյուղը զարգացվի: Ո՞րն է առաջնային՝ ցորե՞նը: Պետք է նաև ուսումնասիրություն կատարել, թե հարևան երկրները ինչի՞ կարիք ունեն, որպեսզի արտահանումից դրամագլուխ գա երկիր: Դա է նաև տնտեսության զարգացման ճանապարհը: Երկարաժամկետ կտրվածքով, դժվարանում եմ ասել, թե ինչպիսի արտադրություն կարելի է հիմնել, ինչպիսի ներդրումներ է հնարավոր անել, քանի որ Արցախի և ազատագրված տարածքների կարգավիճակը դեռ հստակ չէ: Պետք է մտածել գյուղատնտեսության մեջ կարճաժամկետ ներդրումների մասին: Հուսանք, որ այս հողերը կմնան հայերի ձեռքում», նշում է Սերժ Չուխադարյանը:

Բնության հարստությունը չէր վրիպել նաև մյուս գործարարների ուշադրությունից: ԱՐԻ-ի բաժնետեր Սարգիս Սիմիթյանը կարծում է, որ անհրաժեշտ է  Արցախի կարելիությունները արտերկրում՝ տարբեր ժողովների և հավաքների ժամանակ, պատշաճ կերպով ներկայացնել, որպեսզի դրսում տեղյակ լինեն: «Քաշաթաղում և Քարվաճառում բնությունը շատ հարուստ է, պետք է անտառային պտուղները հավաքել և փոքրիկ գործարաններ հիմնել՝ հյութերի և մուրաբաների արտադրություն: Պտուղների, առաջին հերթին ընկույզի ու հոնի շատ պահանջարկ կա դրսում: Լավ պանիր արտադրելու կարելիություններ կան: Բայց պետք է լավ պանիր արտադրել: Պանիրն իր շուկան ունի: Ես համտեսեցի այստեղի պանիրը, որը ստացվում է 50-60-ականանների  տեխնոլոգիայով, պետք է դրանք զարգացնել», ասում է Սարգիս Սիմիթյանը:

ԱՐԻ-ի բաժնետերերից ծնունդով Լիբանանից Հրայր Ճերմակյանը եկել էր Միացյալ Նահանգներից: Նա կարծում է, որ անասնապահությունից ու գյուղատնտեսությունից բացի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում պետք է բացել գործատեղիներ, որպեսզի մարդիկ դրամ շահեն: Հրայր Ճերմակյանը, ինչպես և Արցախ այցելած լիբանանահայերի խմբի մեծ մասը եկել էին իրենց տիկնանց կամ զավակների հետ:

Կահիրեից ժամանած Տիգրան Գալայջյանը Արցախը դիտել էր զգացական աչքով: Նա ԱՐԻ-ի կամ «Արցախ» ֆոնդի անդամ չէ, սակայն Իշխանաձորում մեկ կթու կով նվիրեց մի ընտանիքի, որտեղ ծնվել էր վեցերորդ երեխան: Նա նկատում է, որ սփյուռքահայերը ազատագրված տարածքներին պետք է բերեն ոչ միայն ներդրումներ ու բարեգործություն, այլև՝ իրենց փորձը: Նրա տիկինը՝ Անգինե Գալայջյանը, ով առաջին այցելությունն էր կատարում Քաշաթաղ, ասում է, որ անելու շատ բան կա տնտեսության, կրթության, մշակույթի և մյուս ոլորտներում: «Մենք հասկացանք և որոշեցինք, որ մեր արձակուրդները այսուհետ պիտի անց կացնենք Արցախում և դրանով օգտակար դառնանք», ասում է Անգինե Գալայջյանը:  

Ստեփանակերտում վարչապետ Արա Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում ԱՐԻ-ի բաժնետերերից Վահան Գասարճյանը բոլոր ներկաների սեղաններին դրել էր մեկական արևային ակնոց և սպիտակ գլխարկ, որի վրա անգլերենով գրված էր. The Future Looks So Bright: Նա բոլորին առաջարկեց դնել ակնոցներն ու գլխարկները և համոզմունք հայտնեց, որ ապագան, իրավամբ, շատ պայծառ է լինելու: «Երեք տարի առաջ՝ 2009-ին, երբ առաջին անգամ եկանք Քաշաթաղ, մենք ունեինք հարցեր. Արցախի կառավարությունը մեզ կռնակ կկանգնի՞, Լիբանանում մեր գաղութը ի՞նչպես պետք է ընդունի գաղափարը: Կառավարության կողմից համագործակցությունը շատ հստակ ձևով եղավ: Գետնի վրա գյուղացիները, ովքեր վարկ են վերցրել, լավ վիճակում են, շրջաններում կովերի թիվը աճել է: Այս անգամ ևս անցանք նույն ճամփան: Այն տեղերը, որ նախորդ անգամ ավելի վատ վիճակում էին, այս անգամ բարելավում նկատեցինք: Ազատագրված տարածքներում բնակվող մարդիկ ավելի ինքնավստահ էին: Մեր ապագան փայլուն է», ասում է Վահան Գասարճյանը: Նա կարծում է, որ Արցախի կառավարությանը՝ վարչապետին կից, անհրաժեշտ է ստեղծել խորհրդատվական մի խումբ, որի կազմում լինեն Սփյուռքի տարբեր գաղութներից մարդիկ, ովքեր կբերեն գաղափարներ ու նորարարություններ: «Մենք ունենք խելացի մարդիկ: Հողը կա, ջուրը կա, ամեն ինչ կա, բայց գաղափարը և սիստեմը չկա: Առաջիկա տարիներին ԱՐԻ-ի գումարները տասը միլիոնը կհասցնենք: ԱՐԻ-ի վարկավորման այս սիստեմը պետք է վարակիչ լինի», ասում է նա:

 

Թաթուլ Հակոբյան

Ստեփանակերտ-Երևան