Շվեյցարացիները դեմ են քվեարկել ծխելու համընդհանուր արգելքին

Շվեյցարիայում սեպտեմբերի 23-ին կայացած համազգային հանրաքվեի արդյունքում երկրի բնակիչների 66%-ը դեմ է քվեարկել ծխելու համընդհանուր արգելքին: Այսպիսով՝ շվեյցարացիները հանդես են եկել «Պաշտպանություն պասիվ ծխելուց» նախաձեռնության դեմ: Գաղափարի հեղինակը շվեյցարական թոքային ասոցիացիան է, որին աջակցում են ձախերը, առողջության և սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները, ինչպես նաև արհմիությունները:

Նշենք, որ նախաձեռնության էությունը «հանրային փակ վայրերում ծխելը սկզբունքայնորեն արգելող» դաշնային օրենքի խստացումն է: Վատ սովորության հակառակորդները ձգտում են, որպեսզի օրենքի տեքստը հստակ և կատարման համար պարտադիր լինի՝ կանտոնների իշխանություններին թույլ չտալով մանևրել այս հարցում:

Այսպես օրինակ՝ շվեյցարական 26 քաղաքից 8-ում, ներառյալ՝ Ժնևում, հանրային ցանկացած վայրում ծխելու բացարձակ արգելք է գործում, մինչդեռ մյուս կանտոններում թույլատրվում է ծխել բարերում, սրճարաններում և ռեստորաններում՝ պայմանով, որ դրանց մակերեսը 80 ք/մ-ից պակաս չէ և բաժանված է սրահների:

Հանրաքվեի արդյունքում, փաստորեն, շվեյցարացիների մեծ մասն աջակցել է նախաձեռնության հակառակորդներին՝ բոլոր քաղաքական կուսակցություններին, կառավարությանն ու խորհրդարանի երկու պալատներին, ինչպես նաև շվեյցարական ձեռնարկությունների միությանը: Նրանց կարծիքով՝ նման նախաձեռնությունը կհանգեցնի ռեստորանների, բարերի ու հյուրանոցների սեփականատերերի տնտեսական մեծ կորուստներին, ավելին՝ կխստացնի 2010թ. կոմպրոմիսային օրենքը:

Մեկնաբանել