Լուվրում բացվել է իսլամական արվեստին նվիրված սրահ

Փարիզում Լուվրի նոր՝ «Իսլամի արվեստ» սրահի երկար սպասված բացումը համընկավ Արևմուտքի և իսլամական աշխարհի միջև հարաբերությունների լարվածության հետ: Հարգանքի տուրք մատուցելով իսլամական երկրների մշակույթին՝ Ֆրանսիան ընդգծում է, որ սերունդների համար այս հարուստ ժառանգության պահպանումը ամբողջ մարդկության խնդիրն է:

«Իսլամի արվեստ» սրահը տեղակայված է Լուվրի հատուկ կառուցված տաղավարում:  Մուսուլմանական երկրների մշակույթը ներկայացնող ավելի քան 18 հազ. նմուշներն ընդգրկում են 7-18-րդ դդ. պատմական շրջանը՝ Իսպանիայից մինչև Հնդկաստան, և ընդգծում են իսլամական աշխարհի բազմազանությունը:

Իսլամի արվեստին նվիրված հատուկ սրահի ստեղծման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2003-ին՝ նախագահ Ժակ Շիրակի աջակցությամբ, իսկ ցուցասրահի հիմքում առաջին քարը 2008թ. դրել է Նիկոլա Սարկոզին:

«Շատ մեծ կամք է պահանջվել այս ամենին հասնելու համար, – ասել է Լուվրի տնօրեն Անրի Լուարետը: – Ամեն ինչ սկսվեց 2001թ. նախագահ Շիրակի հետ հանդիպման ժամանակ: Մենք եկանք այն համաձայնության, որ անհրաժեշտ է իսլամական արվեստի բաժին ստեղծել. որոշումը միաժամանակ քաղաքական և գեղարվեստական բնույթ էր կրում»: Լուարետի խոսքով՝ այդ պահին առանձնահատուկ էր նաև քաղաքական իրադրության համատեքստը. ԱՄՆ-ում նոր էր տեղի ունեցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը:

Նոր սրահի ստեղծման գործում ֆրանսիական իշխանություններին մեծապես աջակցել են մեկենասները, որոնց բաժին է ընկել ծախսերի 57%-ը: Հիմնական հովանավորներն են Քուվեյթը, Մարոկոն, Օմանը, Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Ադրբեջանի կառավարությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը 100 մլն եվրո է: Անրի Լուարետի խոսքով՝ սա թանգարանի պատմության մեջ խոշորագույն ծրագրերից է: Արևմուտքի և իսլամի արվեստների միջև երկխոսության հաջորդ մեծ փուլը Աբու Դաբիում Լուվրի մասնաճյուղի բացումն է լինելու: Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում շինարարարական աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարվա ձմռանը և կավարտվեն 2015թ.: